Մայր աթոռը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
20:40 02.06.2025 (Թարմացված է: 21:15 02.06.2025)
© Photo : press office of the Mother See of Holy EtchmiadzinԳերագույն հոգևոր խորհրդի ժողով

© Photo : press office of the Mother See of Holy Etchmiadzin
Բաժանորդագրվել
Խորհուրդը շեշտում է, որ նման քայլերը սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին ուղղված կեղծ մեղադրանքների հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik․ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կոչ է անում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։
«Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։ Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով»,- նշված է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընդունած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։ Ժողովում հատուկ անդրադարձ է արվել վերջին օրերին եկեղեցու դեմ մեկնարկած արշավին։ Ամեն ինչ սկսվեց կառավարության նիստից, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկեղեցիներն անվանեց «չուլանացված»։ Հոգևորականների արձագանքին վարչապետ Փաշինյանը պատասխանեց կոպիտ, վիրավորական ու փողոցային բառապաշարով, այնուհետև սկսեց մեղադրանքներ հնչեցնել կուսակրոնությունը խախտելու վերաբերյալ։
Գերագույն հոգևոր խորհուրդը շեշտում է՝ այս կեցվածքը թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց եկեղեցու և հոգևորականների հեղինակությունը, լռեցնելու եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։
«Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»,- նշված է հայտարարության մեջ։
Խորհուրդը շեշտում է՝ եկեղեցին շարունակելու է անշեղորեն կատարել ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի պաշտպանությանը։
Հիշեցնում են՝ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական ու քաղաքական գործիչների իրավասությունից։ Միաժամանակ խորհուրդը կոչ է անում ժողովրդին լինել միաբան ու միասնական՝ թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը:
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն էր արել՝ գրելով, թե եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Ավելի վաղ՝ մայիսի 29-ին, ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։