Ինչո՞ւ չեն բացահայտվում «պոզով–պոչով» կոռուպցիաները. Թովմասյանը դիմեց Նահապետյանին
15:33 13.05.2025 (Թարմացված է: 17:31 13.05.2025)
© Photo : press office of the Parliament of ArmeniaԹագուհի Թովմասյան

Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավորն իր ելույթում անդրադարձավ Հայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքին, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հորը տրված 1.5 մլրդ դրամի վարկին, Փաշինյանի խոստացած, չկառուցած 15 ջրամբարներին և ԱԺ աշխատակազմի կողմից տեղի–անտեղի կոնյակ գնելու դեպքերին։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում դիմելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին` հիշեցրեց մի քանի աղմկահարույց կոռուպցիոն դեպքեր և առաջարկեց դրանք բացահայտել` առանց հաշվի առնելու, թե իշխանության որ անդամներն են դրա հետևում կանգնած։ Թովմասյանն ընդգծեց, որ հակակոռուպցիոն պայքարի դեմ լոզունգներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, սակայն այդպես էլ ոչինչ չփոխվեց։
«Այստեղ նստած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որի կինն աշխատում է «ՀայՓոստ»-ում, 2021-ին թվականին նրա տարեկան աշխատավարձը, ըստ հայտարարագրի, 6.8 միլիոն դրամ էր, այդ ժամանակ արդեն Հայկ Կոնջորյանը դարձավ ֆրակցիայի ղեկավար, 2022 թվականին նրա աշխատավարձը դարձավ 9.5 միլիոն դրամ, 2023 թվականին դարձավ 36 միլիոն դրամ, անցած տարի էլ Հայկ Կոնջորյանի կինը դարձավ «ՀայՓոստ»-ի տնօրեն։ Այս թռիչքաձև աճը արդյոք որևէ աղերս ունի՞ կոռուպցիոն որևէ գործարքի հետ, և եթե, օրինակ, Հայկ Կոնջորյանը չլիներ իշխող խմբակցության ղեկավար, արդյոք նրա կինն այս կարիերայի թռիչքը կունենա՞ր»,- Նահապետյանին հարց ուղղեց պատգամավորը:
Ի պատասխան Նահապետյանն ասաց, որ չի կարող քաղաքական բնույթի հարցադրմանը պատասխանել:
«Համենայն դեպս, Ձեր նկարագրած դեպքի մասով չեմ կարող նկատել որևէ կոռուպցիոն բնույթի տվյալ։ Եթե ունեք այլ տվյալներ հանցանքի վերաբերյալ, ես խնդրում եմ պատշաճ հաղորդում ներկայացնել Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասաց նա:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց, թե «ՀայՓոստ»-ի տնօրենին ընտրում է խորհուրդը, և որ այդտեղ որևէ կոռուպցիա չկա:
Ամեն դեպքում Թովմասյանը պնդեց, որ Նահապետյանն իր մանրադիտակի տակ պետք է պահի պետական պաշտոնյաներին, և վերհիշեց մի քանի աղմկահարույց գործեր։
«2023 թվականին ՔՊ վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հայրը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ 71–ամյա Փամբուխչյանը «Ամերիա» բանկից ստացել է 1.5 մլրդ դրամի վարկ։ Ուշագրավ է, որ Փամբուխչյանն ավելի քան 102 մլն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից, որ վարկը արտոնյալ պայմաններով մարի և դեղձի այգիներ հիմնի»,–ասաց Թովմասյանը։
Նա հարց ուղղեց Նահապետյանին` քանի՞ թոշակառու է ճանաչում, որոնք կարող են բանկից 1.5 մլրդ դրամի վարկ ստանալ կամ պետությունից ստանալ սուբսիդավորում։
Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ թոշակառուներին անգամ ապառիկով հեռախոս չեն տալիս։
ԱԺ պատգամավորը հիշեցրեց նաև, թե ինչպես էր Փաշինյանը շաբաթներ առաջ Մեղրիում հայտարարում, որ գյուղերը ջուր չունեն, քանի որ հաճախ Երևանում ատամները լվանալու համար քաղաքացիները ծորակները բաց են թողնում։
«Բայց ֆունդամենտալ հարցերը Հայաստանի ջրային ռեսուրսների ոլորտում չեն լուծվում։ Փաշինյանը 15 ջրամբար կառուցելու խոստում էր տվել, առայսօր որևէ մեկը չի կառուցվել։ Վարչապետի ֆեյքն ու ֆեյքերը Վեդիի ջրամբարը վերագրել են Փաշինյանին։ Նա այդ ջրամբարի հետ բացարձակապես կապ չունի»,–ասաց Թովմասյանը։
Նա հիշեցրեց, որ Վեդիի ջրամբարի նախագծման աշխատանքները սկսվել են 2013 թվականին, շինարարությունը սկսվել է 2017 թվականին և ջրամբարի ամբողջական բացումն առայսօր հետաձգվում է։
«Այս ամենի համար պետք է պատասխան տա Գնել Սանոսյանը։ Ինչպե՞ս է ստացվում, որ «Սահակյան ՇԻՆ» ընկերությունը, որը տապալում է Վեդիի ջրամբարի կառուցումը, հանգիստ ապրում է։ Այստեղ պետք է փնտրել պոզ ու պոչով կոռուպցիան»,–ասաց նա։
Թովմասյանը նշեց, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն էլ ձախողել է Արարատյան դաշտի արտեզյան հորերի լուծարման կամ կոնսերվացման գործողությունները։ Վերջին 5 տարում արտեզյան հորեր գրեթե չեն կոնսերվացվել։
«Արտեզյան 51 հոր կա, որից 10–ը պետք է լուծարվի, 41–ը` կոնսերվացվի։ 51 հորից 26–ը համայնքային են, մնացածը մասնավոր ընկերություններին են։ Այս ընթացքում դրանցից որևէ մեկը չի փակվել, ինչպես նաև որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այ էս երկու գործողությունը որ արվեր, գյուղերում ջուր կլիներ, ոչ թե մեղքը կբարդեին երևանում ատամ լվացողների վրա»,–ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով ակնհայտ կոռուպցիային` Թովմասյանը նշեց, որ ԱԺ աշատակազմի ղեկավարը (Դավիթ Առաքելյանը), լինելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերիմը, բյուջեի գումարները շռայլորեն ծախսում է` չներկայացնելով, թե ինչ կարիքների համար ինչ գնումներ են կատարվել։
«2024 թվականի հունվար, մայիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ԱԺ–ն գնել է տարբեր տեսակի 908 շիշ կոնյակ, որի համար հպարտ հարկատուները վճարել են 16 մլն 635 հազար դրամ։ Ո՞ւմ են նվիրել, ով է որոշել, թե ինչքան պետք է գնի, ոչ մի թափանցիկություն չկա։ 3 տարվա ընթացքում բոլոր գնումները կատարվել են «ՎԻՆՈ & ՎԻՆՈ» ընկերությունից։ 2025 թվականի հունվարից–ապրիլ գնվել է 594 շիշ կոնյակ` 11 մլն դրամով»,–ասաց նա։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացում է 2024 թվականի գործունեության մասին հաղորումը։