ՀՀ շահերը ոտնահարելու ծրագրեր չկան. Գալուզինը` ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին
12:07 14.04.2025 (Թարմացված է: 13:22 14.04.2025)
© Photo : посольство РФ в ЯпонииՄիխայիլ Գալուզին

© Photo : посольство РФ в Японии
Բաժանորդագրվել
Փոխարտգործնախարարի խոսքով` Եվրամիությունն այս փուլում Հայաստանի և այլ երկրների համար անդամակցության մշուշոտ հեռանկարով պահանջների և չափանիշների ամբողջություն է։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը մտադիր չէ ոտնահարել Հայաստանի շահերը ԵԱՏՄ-ում։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով ՀՀ ԱԺ–ի կողմից ընդունված ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Մոսկվայի վերաբերմունքը։
«Խոսքն այն մասին չէ, որ Ռուսաստանը կամ ուրիշ որևէ մեկը ցանկանում է բացառել Հայաստանը կամ վնաս պատճառել մեր շատ զարգացած տնտեսական համագործակցության համատեքստում: Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 12 մլրդ դոլար՝ էական աճ ցուցադրելով: Ինչ–որ կերպ Հայաստանի շահերը ոտնահարելու ծրագրեր չունենք և չենք կարող ունենալ: Այն մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի, ինչպես և Վրաստանի հետ մեզ կապում է երկարամյա ընդհանուր պատմությունը, Հայրենական մեծ պատերազմում (որի 80-ամյակը, հուսով եմ, համատեղ կնշենք մայիսի 9-ին) տարած ընդհանուր հաղթանակը», – ասել է Գալուզինը։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, օբյեկտիվորեն ԵՄ–ին և ԵԱՏՄ–ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային և սակագնային կարգավորում, դրանք իրենց էությամբ տարբեր տնտեսական դաշինքներ են։
Հետևաբար, Հայաստանն ինչ–որ պահի պետք է կողմնորոշվի` ինչ ուղղությամբ է այն շարժվելու` ԵՄ–ին անդամակցելո՞ւ, թե՞ ԵԱՏՄ–ի գծով եվրասիական ինտեգրմանը մասնակցությունը շարունակելու։
«Այդ մասնակցությունն ակնհայտ օգուտներ է տալիս Հայաստանի բնակչությանը։ Եվ առաջին հերթին դա արտահայտվում է Հայաստանի ՀՆԱ–ի աճի բավական էական թվերով։ Վերջին տարում դա մոտ 6% է», – նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Մյուս կողմից, նրա խոսքով, ԵՄ–ն այս փուլում Հայաստանի և այլ երկրների համար անդամակցության մշուշոտ հեռանկարով պահանջների և չափանիշների ամբողջություն է։ Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի տնտեսական այն կայացած հարաբերությունների վերանայման, որոնք այսօր ԵԱՏՄ–ի գծով առկա են Երևանի և նրա գործընկերների միջև։
«Հավանաբար դա շատ ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանական է ենթադրելը, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը բացատրելու է, թե ինչ է այն կորցնելու ԵԱՏՄ–ից դուրս գալով, և իրականում ինչ կարող է ձեռք բերել ԵՄ–ին անդամակցելու պարագայում», – ասել է Գալուզինը։
Նույնիսկ այսօր Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵՄ յուրաքանչյուր երկրի հետ մի քանի անգամ ցածր է Ռուսաստանի հետ։
Բացի այդ, ըստ նրա, ԵՄ–ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի` ՀՀ առանցքային տնտեսական գործընկերոջ և ռազմական դաշնակցի նկատմամբ։ Այն դրսևորվում է Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու և երկիրը թուլացնելու մոլագար ձգտման, ուկրաինական ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ու խաղաղության հասնելուն ուղղված ցանկացած գործողության արգելափակման, Ռուսաստանի և ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի գծով նրա ռազմավարական գործընկերների և դաշնակիցների հարաբերություններում սեպ խրելու փորձերով։
«Պաշտոնական Երևանում, հույս ունեմ, տեսնում են այս իրավիճակը և համապատասխան գնահատական տալիս դրան։ Հայաստանը դեռ դուրս չի գալիս Եվրասիական տնտեսական միության որևէ կառույցից։ Մենք շատ բարձր ենք գնահատում նրա հաջող նախագահությունը ԵԱՏՄ–ին նախորդ` 2024 թվականին, այնպես որ, մեր համագործակցությունը շարունակվում է։ Երկրի ներկայացուցիչները նաև ակտիվ մասնակցում են ԱՊՀ մարմինների բոլոր միջոցառումներին, փորձագիտական բոլոր հանդիպումներին», – նշել է Գալուզինը։
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Հայաստանի ԱԺ–ն մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 27-ին հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին կոնկրետ պարամետրերով փոխբացառում են միմյանց։