Ինչպես զարգացնել հայ–հնդկական գործակցությունը. նախկին դեսպանը լուծումներ է առաջարկում
© Photo : ScreenshotՅուրի Բաբախանյան

Յուրի Բաբախանյան
© Photo : Screenshot
Բաժանորդագրվել
Յուրի Բաբախանյանը ծիծաղելի է համարում Հնդկաստան արտահանվող ապրանքների ծավալները՝ հաշվի առնելով այդ երկրի շուկայի հսկայական հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Հայաստանը շատ ավելի ակտիվ պետք է լինի Հնդկաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով այդ երկրի դերն աշխարհում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպան Յուրի Բաբախանյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Նյու Դելի կատարած այցին։
Միրզոյանը հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևանն ուզում է ամուր տնտեսական, առևտրային տեխնոլոգիական և մշակութային կապեր ստեղծել Հնդկաստանի հետ։
«Ընդհանուր ասած՝ գնահատականս դրական է, բայց դեռ անելիքներ շատ կան։ Երկու երկրի հարաբերություններում մեծ ներուժ կա, որը, ցավոք սրտի, որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով լիակատար զարգացում չի ստացել։ Խոսքն առաջին հերթին տնտեսական հարաբերությունների մասին է, բայց, անշուշտ, քաղաքական բաղադրիչն էլ շատ կարևոր է։ Հաշվի առնելով Հնդկաստանի կշիռը, ազդեցությունն ու տնտեսական ներուժն աշխարհում՝ կարծում եմ, որ Հայաստանը շատ ավելի ակտիվ պետք է լինի տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- ասաց Բաբախանյանը։
Դիվանագետը միաժամանակ նշեց, որ լոգիստիկ և կոմունիկացիոն դժվարություններ կան, օրինակ` Հնդկաստանից Հայաստան մեկ կոնտեյներ ուղարկելու գինը բավականին բարձր է՝ հասնում է մի քանի հազար դոլարի։ Դրանից էլ բխում է այն, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառություն շատ չի կատարվում։ Բաբախանյանի խոսքով՝ իրանական «Չաբահար» նավահանգստի ակտիվացման դեպքում կշահի նաև հայկական կողմը։ Այդպիսով ավելի կնվազեն Հայաստան ներկրվող և Հայաստանից արտահանվող ապրանքների գները։
Նախկին դեսպանը կարծում է, որ պասիվ են նաև հայկական բիզնես ոլորտի ներկայացուցիչները. մեծ մասը սովոր է աշխատել հետխորհրդային երկրների շուկաների հետ։ Բաբախանյանն ընդգծեց՝ հնդկական շուկա դուրս գալու համար տարբեր հմտություններ ու գիտելիքներ են անհրաժեշտ։
2022 թվականին դեպի Հնդկաստան 99 մլն 421 հազար դոլարի արտահանում է եղել, իսկ 2023-ին այդ թիվը նվազել է՝ 34 մլն 593 հազար դոլար։ Հայաստանից Հնդկաստան է արտահանվում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, պղինձ, ալյումին, ինչպես նաև քիմիական որոշ ապրանքներ։
Բաբախանյանը նշեց, որ չմշակված հումք է արտահանվում, ինչը հավելյալ արժեք չի ներկայացնում Հնդկաստանի համար։
«Հաշվի առնելով հնդկական հնարավորությունները` այս թվերը շատ ծիծաղելի են։ Նման մեծ շուկա ունեցող երկրի հետ համագործակցելիս այս թվերը հարիր չեն։ Այսօր տնտեսական համագործակցության ահռելի պոտենցիալ կա, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով։ Հնդկաստանն այդ ոլորտում շատ զարգացած երկիր է»,- ասաց նախկին դեսպանը։
Նա անելիքներ է տեսնում նաև ավիացիոն ոլորտում։ Դիվանագետի կարծիքով՝ շատ կարևոր է դեպի Հնդկաստան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթեր ունենալը, ինչի շուրջ մի քանի տարի է` խոսակցություններ կան, բայց 2 կողմի ավիաընկերությունները պասիվ են։
Անդրադառնալով անվտանգային ոլորտին՝ Բաբախանյանը շեշտեց՝ Հայաստանն ու Հնդկաստանը բարեկամ երկրներ են, տարաձայնություններ չունեն ու մշտապես միմյանց օժանդակել են միջազգային հարթակներում։
«Հայաստանը մշտապես պաշտպանել է Հնդկաստանի ինքնիշխանությունը, մասնավորապես իրենց համար ցավոտ Ջամմու և Քաշմիր նահանգի հարցում, որին հավակնություններ ունեն Պակիստանը, որին էլ օժանդակում են Թուրքիան և Ադրբեջանը։ Հայաստանի այդ դիրքորոշումը Հնդկաստանը շատ բարձր է գնահատում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ էլ Հնդկաստանն էր օժանդակում հայկական կողմին, բազմաթիվ հայամետ հոդվածներ էին տպագրվում։ Սրանից էլ բխում են անվտանգային հարցերի շուրջ երկրու երկրի միջև գաղափարական համընկնումները»,- ասաց Բաբախանյանը։
Հիշեցնենք` Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հնդկական Wion պարբերականին և ասել, որ Հայաստանը հետաքրքրված է հնդկական սպառազինությամբ։ Տարբեր ԶԼՄ-ներ բազմիցս գրել են, որ Հայաստանը հնդկական արտադրության ռազմական տեխնիկա է գնել, այդ թվում՝ ՀԿՌՀ-ներ, հաուբիցներ։ Երևանը մինչ օրս պաշտոնապես չի հաստատել, որ Հայաստանը հնդկական սպառազինություն է գնել, սակայն պարբերաբար երկկողմ հանդիպումներ են անցկացվում բարձրաստիճան զինվորականների մակարդակով: