Մեզ ստիպում են ընկնել փաստաբանների ձեռքը․ ԱՆ-ի նոր նախագիծն ու դրա հնարավոր հետևանքները
© Unsplash / Masarath AlkhailiԱրխիվային լուսանկար

Բաժանորդագրվել
Առաջարկվող փոփոխությունները բոլորին են վերաբերելու։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Արդարադատության նախարարության նախագիծը ոչ միայն քաղաքացիների գլխին գլխացավանք է դառնալու, այլև կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, օրինակ, բիզնեսի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը՝ անդրադառնալով Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, ըստ որի՝ քաղաքացին տուգանքը նախ պետք է վճարի, հետո միայն կարողանա դիմել դատարան ու վիճարկել այն։
Այսօր Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ քաղաքացին կարող է միջնորդություն ներկայացնել դատարան՝ տուգանքը չվճարել մինչև դատական վերջնական որոշման կայացումը, և արդեն դատարանը կորոշի՝ բավարարե՞լ միջնորդությունը, թե՞ ոչ։
Միրաքյանի խոսքով՝ այս փոփոխությունն առնվազն անտրամաբանական է։ Նախ, ինչպե՞ս է դատարանը որոշելու՝ բավարարե՞լ միջնորդությունը, թե՞ ոչ։
«Օրինակ, դատարանն էլ կարող է ասել՝ էս բիզնեսն ունի տարեկան 1 միլիարդ դրամ շրջանառություն, տուգանքը 100 միլիոն է, դե թող վճարի։ Բայց հնարավոր է՝ էդ 100 միլիոնը բիզնեսը պլանավորել էր ներդրում անել, որևէ նոր սարքավորում գնել և այլն։ Դատական պրոցեսն էլ ամենաքիչը մի 2 տարի տևում է, էդ ընթացքում բիզնեսից գումար հանել դուրս, որ 2 տարի հետո վերադարձվի, անընդունելի է։ Այսպիսի որոշումները կարող են բիզնեսները կործանման տանել»,- կարծում է Միրաքյանը։
Նրա կարծիքով՝ սա պարզապես խախտում է անմեղության կանխավարկածը. պատիժ է կիրառվում (վարչական տույժ), հետո առաջարկվում է պայքարել արդարության համար։
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահն ասում է՝ Հայաստանի գործարար համայնքը շատ բացասական է ընդունել առաջարկվող նախագիծը, շատերի համար էլ անհավատալի է, որ նախարարությունը կարող էր առհասարակ նման փոփոխություններ առաջարկել։
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով՝ առաջարկվող փոփոփոխություններով կոպտորեն խախտում է անձանց` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները։ Նա ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա. լինում է, որ տարատեսակ գերատեսչություններ, տեսչություններ և նաև ոստիկանությունն ապօրինի որոշումներ են կայացնում։ Հիշեցնում է վերջերս հայտնի դարձած պատմություններից մեկը, երբ պարեկներ էին կալանավորվել ապօրինի որոշումներ կայացնելու համար (պարեկների կողմից վարչական իրավախախտման ավելի քան 280 կեղծ արձանագրություն կազմելու շուրջ 50 դեպք էր բացահայտվել,- խմբ․)։
Հիմա ստացվում է, որ անգամ ապօրինի որոշումների դեպքում, երբ քաղաքացին այն որոշում է վիճարկել դատարանում, պետք է միջնորդություն ներկայացնի՝ տուգանքը տվյալ փուլում չվճարելու համար։
«Հիմա քաղաքացին պետք է հիմնավոր ապացույց ներկայացնի, թե ինչու չի կարող ակտի վճարումը կատարել, դատարանն էլ դա պետք է հիմնավոր համարի, մեկին կասի՝ դա կվճարես դատական ակտի որոշումից հետո, մյուսին կասի՝ ո՛չ, վճարիր հիմա։ Նման բանի համար քաղաքացին վարչարարությանը պետք է լավ ծանոթ լինի, չես կարող պարզապես թղթի վրա գրել՝ համաձայն չեմ կամ չեմ կարող հիմա վճարել, հստակ ապացույցներ պետք է ներկայացվեն։ Այսինքն՝ մեզ ստիպում են, որ մենք գնանք, ընկնենք փաստաբանների ձեռքը, ավելի շատ գումար ծախսենք, այսինքն՝ 5000-անոց ակտը բողոքարկելու համար ես ահռելի գումարներ պետք է ծախսեմ, միջնորդություն ներկայացնեմ և այլն»,- ասում է Քեյանը։
Նա շեշտում է՝ փոփոխությունները ոչ թե մեկ–երկու ոլորտների, այլ բոլորիս են վերաբերելու։ Ու պետք չէ մտածել, թե խնդիրը միայն 5000-10000 դրամն է։ Հիշեցնում է՝ օրինակ, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ահռելի չափերի տուգանքներ է նշանակում, ակտերի 90 տոկոսն այսօր բեկանվում են դատարաններում։
«Այսինքն՝ փողերը գանձելու են, հետո ամիսներով ընկնելու են հետևներից, որ հետ տան էդ փողերը»։
Ինչ վերաբերում է արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությանը, որով նշում էին, թե հերքում են լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, Քեյանի համար դա էլ էր տարօրինակ։
«Մտածում եմ՝ սա մանկապարտեզի երեխա է գրել, ասենք՝ դա հերքելը պիտի նշանակեր ասել, որ դա ճիշտ չէ, մենք նման նպատակներ չենք հետապնդել»,- ասում է նա։
Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել էին, փոփոխությունների նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը սահմանում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները, և դրա փոխարեն սահմանել, որ վիճարկման հայցի դեպքում նույնպես կարող է ներկայացվել ըստ անհրաժեշտության հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: