Ինչո՞ւ են կանայք տանը ծննդաբերում. երևույթի հոգեբանական ու իրավական կողմերը
© Sputnik / Aram NersesyanԱննա Կամայի որդին` Լեոն
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Աշխարհի տարբեր երկրներում տնային ծննդաբերությունների վիճակագրությունը տարբեր է։ Մեր երկրում, ըստ պաշտոնական տվյալների, տարեկան 10-15 դեպք գրանցվում է, բայց սա իրականության ամբողջական պատկերը չէ։ Ինչո՞ւ են կանայք տեխնոլոգիաների դարում տանը ծննդաբերելու որոշում կայացնում։
Այսօր Հայաստանում կան կանայք, որոնք որոշում են կայացնում ծննդաբերել տանը, այլ ոչ թե բուժհաստատությունում։ Նրանց թիվը մեծ չէ, բայց տարեկան նման մի քանի դեպք գրանցվում է։ Մի քանի սերունդ առաջ, հատկապես գյուղական համայնքներում, ընդունված էր «տատմերի ինստիտուտը»։ Նրանց օգնությամբ տանը երեխային լույս աշխարհ բերելը ոչ թե տարածված էր, այլ դրան այլընտրանք էլ չկար։ Անգամ 2000-ականներին գյուղական համայնքներում շատերն ավելի շատ վստահում էին փորձված տատմերներին, քան տեղական հիվանդանոցներին։ Ժամանակի ընթացքում տանը ծննդաբերելու սովորույթը հնացած դարձավ։ Այսօր հաճախ քննարկվող մանկաբարձական բռնության կողքին կրկին ակտուալ է դառնում բնական (փափուկ) ու նաև տնային ծննդաբերությունների թեման։
Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում 2020-2024թթ նոյեմբերի 1-ի դրությամբ գրանցված է 57 դեպք, երբ կինը ծննդաբերել է տանը, այնուհետև բուժհաստատություն տեղափոխվել։ Միայն այս տարի արդեն 10 նման դեպք է գրանցվել։ Այս վիճակագրությունը, սակայն, վերլուծված չէ և հայտնի չէ` քանիսն են իրենց որոշմամբ տանը ծննդաբերել, և քանիսը չեն կարողացել ժամանակին բուժկենտրոն հասնել։
Այս ամենի միջով անցնելը մեզ հասունացրեց․ Վարդա Ավետիսյանի պատմությունը
–Ինչու՞ որոշեցիք տանը ծննդաբերել։
–Մենք նման որոշումը չէինք կայացրել։ Բոլոր պայմանավորվածությունները կային, պետք է կլինիկայում ծննդաբերեի։
Այսպես է սկսվում իմ ու Վարդայի զրույցը։
© Sputnik / Aram NersesyanՎարդա Ավետիսյան
Վարդա Ավետիսյան
© Sputnik / Aram Nersesyan
Վարդա Ավետիսյանը 3 երեխաների մայր է։ Առաջին անգամ մայրացել է 23 տարեկանում, երեխան լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում` կեսարյան հատումով։ Երկրորդ ծննդաբերությունը ևս ԱՄՆ-ում էր․ թեպետ առաջինից հետո Վարդային կրկին կեսարյան հատում էր ցուցված, բայց պնդեց՝ բնական ճանապարհով ծննդաբերություն է ուզում։ Ի վերջո, բժշկական միջամտություն եղավ՝ էպիդուրալ ցավազրկում, բայց ինչպես և ցանկանում էր՝ երեխան բնական ճանապարհով ծնվեց։
Երրորդ հղիության մասին Վարդան իմացավ 40 տարեկանում։ Հստակ որոշում ունեին՝ այս անգամ հնարավորինս բնական ծննդաբերություն ունենալ՝ նվազագույնին հասցված բժշկական միջամտությամբ։ Այն ժամանակ ո՛չ Վարդայի, ո՛չ էլ Արշակի մտքով չէր անցնում, որ իրենց պատկերացրածից առավել բնական ծննդաբերություն է լինելու՝ տանը։ 2020թ–ին, երբ Վարդան հղիության երկրորդ ամսում էր, ամուսնու հետ մեկնեցին Թաիլանդ՝ կղզիներից մեկում 2 ամսով հանգստանալու։ Սկսվեց կորոնավիրուսի համավարակը, աշխարհը փակվեց։
© Sputnik / Aram NersesyanՎարդա Ավետիսյանն ամուսնու հետ
Վարդա Ավետիսյանն ամուսնու հետ
© Sputnik / Aram Nersesyan
«Այն կղզում, որտեղ մենք էինք, մեծ հիվանդանոց չկար։ Հաշվի առնելով իմ տարիքն ու մի անգամ կեսարյան հատումը՝ բնական ճանապարհով ծննդաբերության չէին համաձայնում։ Ասացին՝ Բանգկոկ գնացեք, որտեղ ռիսկային հղիների համար նման հնարավորություն կա։ Մենք էլ սկսեցինք այլընտրանք փնտրել»,- պատմում է Վարդան։
Երջանիկ պատահականությամբ կղզում էր ԱՄՆ-ում շուրջ 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող գինեկոլոգ-վիրաբույժ, որը թողել էր բուժկենտրոնում աշխատանքն ու իրեն նվիրել բնական ծնունդների կլինիկաներ հիմնելուն։
«Թաիլանդում օրենքով պատժվում են այն բժիշկները, որոնք տնային պայմաններում ծնունդ են ընդունում։ Միաժամանակ, կղզիներում շատ տարածված են տանը ծնունդները, այսինքն՝ օրենք կա, բայց այն շրջանցելու ձև էլ կա»,- ժպտում է Վարդան։
Խոստովանում է՝ էությամբ երկչոտ մարդ է, տանը ծննդաբերելու որոշում կայացնելը մի շարք վախեր հաղթահարելու հետ էր կապված։ 1992թ–ին Վարդայի մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ։ Ուստի բժշկի հետ քննարկվել էին բոլոր հնարավոր սցենարները այս կամ այն ընթացքի դեպքում։
© Sputnik / Aram NersesyanՎարդա Ավետիսյան
Վարդա Ավետիսյան
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք ունեինք ամբողջական պլան՝ որ դեպքում ինչ է պետք անել. առաջին օգնության պարագաներ, նաև հիվանդանոցից 10 րոպե հեռավորության վրա էինք։ Այս ամենի կարիքը չեղավ։ Բժիշկն այնտեղ էր, բայց նրա միջամտությունն էլ պետք չեղավ։ Աղջիկս շատ հանգիստ ծնվեց, պորտալարը հայրիկը կտրեց»,- պատմում է Վարդան։
Մի 2 օր անց էլ երեխայի հետ գնացին մոտակա հիվանդանոց և գրանցեցին ծնունդը, հետո համապատասխան կառույց դիմեցին ու առանց խնդիրների ծննդական ստացան։
«Այս ամենի միջով անցնելը մեզ հասունացրեց»,- նշում է Վարդան ու ավելացնում՝ ծննդաբերության տարբեր տեսակներ է ունեցել, բայց այս փորձառությունն ուրիշ է։ Վստահ է՝ կինը պիտի ընտրության հնարավորություն ունենա՝ որտեղ և ինչպես ծննդաբերել, բայց միաժամանակ այդ որոշումը կայացնելու համար գիտելիքներ են պետք։ Ու միգուցե պետությունը պետք է համապատասխան ընթացակարգեր սահմանի այն կանանց համար, որոնք այդ որոշումը կայացնում են։
Բոլորին փորձում էի բացատրել, որ ես քրեորեն պատժելի ոչինչ չեմ արել․ Աննա Կամայ
Աննա Կամայը երկու անգամ ծննդաբերել է տանը՝ բացարձակ առանց բժշկական միջամտության ու ներկայության։ Երկրորդ ծննդաբերությունից հետո Աննան նաև գրեթե 2 ամիս ձգված քաշքշուկի միջով է անցել, մինչև երեխան ծննդական է ստացել։
© Sputnik / Aram NersesyanԱննա Կամայ
Աննա Կամայ
© Sputnik / Aram Nersesyan
3 երեխաների մայր է։ Առաջին երեխան ծնվել է 11 տարի առաջ Մարոկկոյում՝ հիվանդանոցում, թեպետ դեռ այն ժամանակ կինը բնական, առանց միջամտությունների ծննդաբերություն էր ցանկանում։
«Ընտրեցի մի բժշկի, որն ընկերուհուս օգնել էր տանը ծննդաբերել, այսինքն՝ ինքը դրան կատեգորիկ դեմ չէր։ Բայց առանց միջամտությունների չեղավ՝ իմ պտղաջրերի պարկն էլ պատռեցին, վակուում օգտագործեցին՝ ասելով, թե երեխան կխեղդվի»,- պատմում է Աննան ու ավելացնում՝ այդ պահերին կնոջ համար դժվար է հասկանալ՝ որն է մանկաբարձական բռնություն, որն է անխուսափելի՝ երեխայի կյանքը փրկելու համար։
2020-ին արդեն տղան ծնվեց տանը։ Տանը միայն 6 տարեկան դուստրն էր։ Ծնվելուց հետո Աննան շտապօգնություն կանչեց։ Ու թեև հոսպիտալացումից հրաժարվեց, բայց երեխայի ծննդյան գրանցումը հեշտ եղավ։
«Առաջին տղայիս ծնունդից հետո ՄԻՊ-ի միջամտությամբ կարողացա պոլիկլինիկայում երեխային գրանցել»։
Երկրորդ բնական ծննդաբերությունն էլ հեշտ անցավ (տանն էին միայն 11-ամյա դուստրն ու 4,5 տարեկան որդին), բայց դրան հաջորդած պրոցեսները հեշտ չէին։
«Զանգահարեցի շտապօգնություն, եկան, ասացին՝ վե՛ր կաց, գնանք հիվանդանոց։ Ես հրաժարվեցի հոսպիտալացումից, որովհետև և՛ ես, և՛ երեխաս դրա կարիքը չունեինք։ Դրանից հետո պետական տարբեր կառույցներից իմ տուն մարդիկ ներխուժեցին, յուրաքանչյուրն իր հերթին ինձ մեղադրեց անպատասխանատու քայլի համար։ Երեխայի ծնունդն այդպես էլ չգրանցեցին, ասացին՝ դատական կարգով պիտի անես»։
Գրեթե 2 ամիս Աննան, նորածին Թեո Վահանին գրկած, թակել է տարբեր գերատեսչությունների դռներ, թանկարժեք ԴՆԹ հետազոտություն անցել մայրությունն ապացուցելու համար։ Թեոն ծննդական է ստացել 50 օրականում։
«Այդ ամբողջ ընթացքում ես բոլորին փորձում էի բացատրել, որ քրեորեն պատժելի ոչինչ չեմ արել, ընտրություն եմ կատարել»,- ասում է Աննան։
© Sputnik / Aram NersesyanԱննա Կամայ
Աննա Կամայ
© Sputnik / Aram Nersesyan
Ասում է` իր համար տանը ծննդաբերելը մանկաբարձական բռնությունից ու անտեղի միջամտություններից խուսափելու միակ տարբերակն է։ Նաև ընդհանուր համակարգի հանդեպ վստահություն չունի. հիշեցնում է ծննդատներից երեխաների վաճառքի աղմկահարույց քրեական գործերը։ Աննայի համոզմամբ՝ տնային ծննդաբերությունը բնական ծննդաբերության ամենաճիշտ տարբերակն է։ Հասկանում է, որ դա բոլորի համար չէ, բայց վստահ է` կինն այդ ընտրությունը պետք է ունենա։
Ի՞նչ է ասում օրենքը
Բժշկական հաստատությունից դուրս և առանց բժշկական օգնության տեղի ունեցած ծննդի դեպքում ծննդի պետական գրանցման հիմք կարող է հանդիսանալ ծննդի մասին սահմանված ձևի բժշկական փաստաթուղթը, որի բացակայության դեպքում ծննդի գրանցում կարող է կատարվել երեխայի կենսաբանական մայր հանդիսանալու ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման և երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթղթի առկայությամբ։ Նշված փաստաթղթերի բացակայության պարագայում ծննդի պետական գրանցում կարող է կատարվել երեխայի ծննդյան փաստը հաստատող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա։
Ի՞նչ է ասում բժշկությունը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մանկաբարձական ծառայության ղեկավար Կարեն Ջուլհակյանը նշում է՝ տնային ծննդաբերություններին դեմ չէ, բայց միայն այն դեպքում, եթե կազմակերպված է ինչպես հարկն է՝ հնարավոր խնդիրներն ու բարդությունները հաշվի առնելով։
© Sputnik / Aram NersesyanԿարեն Ջուլհակյան
Կարեն Ջուլհակյան
© Sputnik / Aram Nersesyan
«Ծննդաբերության ժամանակ անպայման պետք է ներկա լինի մասնագետ՝ բժիշկ կամ սերտիֆիկացված մանկաբարձուհի, այսինքն՝ մասնագետ, որը կարող է ֆորսմաժորային իրավիճակներում առաջին բուժօգնություն ցուցաբերել»,- նշում է բժիշկը։
Հավելում է՝ այսօր Եվրոպայում էլ շատ մեծահարուստներ ու ազնվական ընտանիքների ներկայացուցիչներ որոշում են տանը ծննդաբերել, բայց դրա համար հստակ ընթացակարգ կա։ Նման որոշում կայացնելիս հաշվի է առնվում, որ առավելագույնը 20-30 րոպե հեռավորության վրա հիվանդանոց լինի, և պարտադիր նախապես պայմանավորվածություն են ունենում բուժհաստատության հետ, որ խնդրի դեպքում ծննդկանին ընդունեն։
«Անգամ եթե ծննդաբերությունից 1-2 օր առաջ հետազոտություններով որևէ խնդիր չի հայտնաբերվել, չի բացառվում, որ խնդիրներ լինեն հենց ծննդաբերության ընթացքում»։
Ինչ վերաբերում է մանկաբարձական բռնությանը, իհարկե, այն կա ամբողջ աշխարհում, նաև մեր երկրում։
© Sputnik / Aram NersesyanԿարեն Ջուլհակյան
Կարեն Ջուլհակյան
© Sputnik / Aram Nersesyan
«Միայն այն, որ կնոջը շատ շուտ ընդունում են ծննդատուն, այսինքն՝ դեռ ժամանակ կա, որ տանը լինի, դա էլ է ագրեսիա՝ կնոջը կտրել իր բնական միջավայրից»,- ասում է բժիշկը։
Կան նաև բժիշկներ, որոնք չեն էլ գիտակցում, որ մանկաբարձական բռնության են դիմում. օրինակ` պտղաթաղանթն առանց անհրաժեշտության պատռելը։
«Իրենք էդպես են սովորել, կամ իրենց սովորեցրել են, որ կինն անպայման պետք է մեջքի վրա պառկած ծննդաբերի, այլ ոչ թե որ դիրքում հարմար է»,- ասում է բժիշկ Ջուլհակյանը։
Այս ամենի կողքին մյուս ծայրահեղությունն էլ կա՝ երբ ծննդկանի և/կամ նորածնի կյանքը փրկելու համար բժշկական միջամտությունը կանայք կարող են մանկաբարձական բռնություն անվանել։
Բժիշկն ամփոփում է՝ կնոջ և նորածնի առողջությունն ամենակարևորն են, և ցանկացած որոշում կայացնելիս պետք է ելնել հենց այս սկզբունքից։
© Sputnik / Aram Nersesyan«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
© Sputnik / Aram Nersesyan
Հ․Գ․ Մենք փորձեցինք նաև պարզել, թե իրավական ինչ կարգավորումներ են գործում ՀՀ օրենսդրությամբ, եթե տնային ծննդաբերության ժամանակ գրանցվում է նորածնի մահ կամ ծանր վնաս հասցվում նրա առողջությանը։ Իրավունքի մի շարք մասնագետների հետ մեր զրույցների արդյունքում պարզեցինք, որ իրավական առանձին կարգավորում չկա։
Բանն այն է, որ անհաջող ծննդաբերությունների դեպքերը, որպես այդպիսին, լատենտ են, դրանց մասին որևէ մեկը չի էլ իմանում․ չի գրանցվում երեխայի ծնունդ, հետևաբար` մահ ևս չի գրանցվում։ Թեպետ իրավական առանձին կարգավորում չկա, սակայն նման դեպքերը կարող են պատժվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Օրինակ` ՔՕ 247–րդ հոդվածը սահմանում է պատիժ այն դեպքերի համար, երբ ծնողի գործողությունը կամ անգործությունն անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս կամ այլ ծանր հետևանք։ ՔՕ 248 հոդվածով պատասխանատվություն է նախատեսված երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին կամ ծանր վնաս կամ հանգեցրել նրա մահվան։