Ինչու է Փաշինյանը գլխարկով հայտնվում և ավազի ժամացույց դնում սեղանին. բացատրում է հոգեբանը
© Sputnik / Сергей Карпухин / PoolՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
© Sputnik / Сергей Карпухин / Pool
Բաժանորդագրվել
Միհրդատ Մադաթյանը վստահեցնում է, որ ՀՀ վարչապետի հռետորաբանությունն ուղղված է հանրության ամենաստորին խավին։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքում պարբերաբար թափահարվող Հայաստանի քարտեզի ուրվագիծը, սև գլխարկը և նրա սեղանին վերջերս հաճախակի հայտնվող ավազի ժամացույցները Արևմուտքի թելադրած խորհրդանիշներն են։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս պնդումն արեց «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Միհրդատ Մադաթյանը` ներկայացնելով լսարանի վրա ազդելու նպատակով ՀՀ իշխանությունների կիրառած նեյրոլինգվիստիկ ծրագրավորման մեթոդների վերաբերյալ իր դիտարկումները։
«Լատունի կտորը, կեպին, որը դնում է նա, ավազի ժամացույցները սեղանի վրա` տարբեր միջավայրերում տարբեր գույների. այս ամենը նույն փաթեթն է, որով Արևմուտքը դարձյալ ազդում է թիրախային խմբի վրա»,– ասաց Մադաթյանը։
Նա համոզված է, որ ինչպես այս, այնպես էլ 2018թ–ի հեղաշրջման և 2020թ–ի պատերազմի օրերին կիրառված խորհրդանիշներն ու մեթոդները իրականում արևմտյան լուրջ մասնագետների մեթոդներն են` հոգեբանական առումով շատ գրագետ մշակված, նեյրոլինգվիստիկ առումով ճիշտ ձևակերպված և ընտրված ազդեցիկ արժեքներով։
«Գլխարկը իմիջային խորհրդանիշ է, ըստ իս` 1918թ–ի Ուլյանովի կերպարի, որովհետև ընդունված ոչ մի իմիջի մեջ նման հագուստ չկա` կոստյումը կեպիի հետ։ Նաև բարձր ինտոնացիաներով «ղժղժան» ձայնը, ժեստիկուլյացիան, չսափրված վիճակն ու փնթի հագուկապը` կեպիի հետ միասին, ակնհայտորեն հիշեցնում են Ուլյանով Լենինի կերպարը»,– կարծում է Մադաթյանը։
Մասնագետը հետևել է նաև Փաշինյանի ներհայաստանյան հանդիպումներին ու նկատել, որ վերջին շրջանում դրանց ժամանակ սեղանին դրված են եղել ավազի 3 ժամացույցներ` տարբեր գույների։
Եթե ՔՊ–ի ակտիվի հետ հանդիպումներում դրանք մի դեպքում ՀՀ դրոշի գույների էին, մեկ այլ դեպքում` կարմիր, կանաչ, դեղին, ինչը, մեր զրուցակցի կարծիքով, Ադրբեջանի դրոշի հետ ասոցիացիաներ էր առաջացնում, ապա հանրության համար ամենահիշարժան վերջին հանդիպմանը (Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ) սեղանին դարձյալ հայկական դրոշի գույներով 3 ժամացույցներն էին դրված։
© Photo : press office of the Civil Contract Party
Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում (24 փետրվարի, 2024 թ.)
Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում (24 փետրվարի, 2024 թ.)
© Photo : press office of the Civil Contract Party
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ (18 հունվարի, 2024 թ․)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ (18 հունվարի, 2024 թ․)
© Photo : press office of the Prime Minister of RA
Տավուշցիների հետ հանդիպմանը
Տավուշցիների հետ հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում (24 փետրվարի, 2024 թ.)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ (18 հունվարի, 2024 թ․)
Տավուշցիների հետ հանդիպմանը
«Սա պատահական լինել չի կարող, և մի փոքր մտածող մարդը, որ գոնե 6-րդ դասարանի կրթություն ունի, կհարցնի` իսկ ինչի՞ համար է դա պետք, ինչո՞ւ պիտի մինչև ժամը 3–ը Ոսկեպարում սեղանից բացակայող ավազի ժամացույցները ժամը 3-ից հետո հայտնվեն սեղանին։ Որովհետև դավադիր ուտեստը պետք է դրված լինի hայրենասիրության ափսեի մեջ։ Փաշինյանը շատ է կարևորում ձևը։ Գյուղերը հանձնելու դավադիր զրույցը փաթեթավորված էր հայրենասիրությամբ` հայրենիքի մասին զրույցներով, հայրենիքի գույներով, ոսկեգույն հայրենիքի պատկերով»,– մեկնաբանեց հոգեբանը։
Մադաթյանը նույն համատեքստում է դիտարկում նաև ՀՀ քարտեզի ոսկեգույն պատկերը, որից, ըստ նրա, հանրության համար այդպես էլ պարզ չդարձավ` որ մասն է հանձնվելու, որը` ոչ։
Բոլոր այս խորհրդանիշները, մեր զրուցակցի համոզմամբ, ուղղված են բացառապես ներքին լսարանին։ Բայց հիմա հանրությունը 2018 թվականի համեմատ արդեն այլ կերպ է ընդունում դրանք։
«Այս ամենը, որ արվում է, արդեն չի աշխատում, որովհետև թիրախային խումբը մաշվեց մինչև քոքը։ Սկսեց կտրուկ մաշվել 2020թ–ի նոյեմբերից հետո, և շատ մարդիկ փոխեցին իրենց կարծիքը։ Իսկ ամենամեծ փոփոխությունը տեղի ունեցավ ամենամեծ ազգադավ գործողության ժամանակ, երբ հանձնվեց Արցախը` կապույտ եզրագծերով սկուտեղի վրա»,– ասում է հոգեբանը։
Մադաթյանը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ՀՀ իշխանությունները արցախցիների խնդիրը դիտարկում են բացառապես գումարային` արցախցիներին տրվող 10-40 հազար դրամ օգնությունների հարթությունում։ Նրա դիտարկմամբ` նույն խոսույթն է կիրառվում նաև Տավուշի գյուղերի դեպքում։
«Ոսկեպարում ասում է` գնահատեք ձեր տները։ Չի խոսում հայրենիքի մասին, որովհետև հայրենիքը մի նոմինալիզացիա է, որը չափելի չէ։ Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման կենցեպտը հենց սա է, որ հայրենիքը բերես չափելիության. 29 800 քառ. կմ` չափելիություն, ձեր տների արժեքը` չափելիություն»,– մեկնաբանում է մասնագետը։
ՀՀ վարչապետի այս հռետորաբանությունը, նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի մասին այն արտահայտությունը, թե Կիրանց-Բաղանիս ճանապարհին ոչ մի խանութ և ռեստորան չկա, Մադաթյանի գնահատմամբ, ուղղված է հանրության ամենաստորին խավին, որը ևս այսօր աստիճանաբար սկսում է գիտակցել, որ իր պատկերացրած արդարությունն այդպես էլ չեկավ։ Փոխարենը իր կյանքն ավելի բարդացավ` հարկերով, տույժ–տուգանքներով և այլն։
«Այն, որ ՀՀ–ի հետ դավադիր, ծրագրված ինչ–որ բան տեղի ունեցավ, դա միանշանակ է։ Այն, որ այս ամենի միջ Ադրբեջանի և Թուրքիայի մատը խառն է, միանշանակ է։ Այն, որ այս ֆոնին մենք լավ բանի սպասում չունենք և չենք էլ կարող ունենալ, դա միանշանակ է։ Դուք չեք պատկերացնում այսօրվա հասարակարգից, հանրային հարաբերություններից խեղված մարդկանց քանակը։ Ինչքան են մեր կենտրոն դիմում խելագարության հասնող, լուրջ դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ, շատ–շատ են»,– արձանագրում է հոգեբանական կենտրոնի ղեկավարը` հավելելով, որ դիմողները հիմնականում ինչ–որ գործունեություն ծավալող, հանրային բարիք ստեղծող, գիտակից մարդիկ են։
Մադաթյանը ՀՀ–ում ստեղծված բարոյահոգեբանական վիճակը որակում է որպես փակուղի, որից դուրս գալու միակ ուղին իշխանության հեռացումն է, իսկ լավագույն տարբերակը` ինքնակամ հեռացումը։