Պայթյունը խլեց ամուսնուն, եղբայրներին ու հորը․ ինչպես է 23-ամյա Բերտան փորձում նորից ապրել
Պայթյունը խլեց ամուսնուն, եղբայրներին ու հորը․ ինչպես է 23-ամյա Բերտան փորձում նորից ապրել
Sputnik Արմենիա
Արցախից բռնի տեղահանվածների բոլոր պատմությունները սրտամաշ ու ցավեցնող են։ Առավել ցավեցնող են այն ընտանիքների պատմությունները, որոնցում կորուստ է եղել պատերազմի... 05.12.2023, Sputnik Արմենիա
Փախլավայի անուշ հոտով լցված հյուրասենյակ, իսկ դրա ամենատեսանելի անկյունում 4 մեծ լուսանկարներ․․․ 23-ամյա Բերտան ամուսնուն, երկու եղբայրներին ու հոր կորցնելուց հետո մոր և մնացած միակ եղբոր հետ ուժ է գտել ապրելու։ Շահրամանյանների ընտանիքի 4 տղամարդիկ զոհվեցին սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով։23-ամյա Բերտան ամուսնացած կնոջ կարգավիճակով ու լիարժեք երջանիկ ապրեց ուղիղ 25 օր։ Երկար սպասված հարսանիքն օգոստոսի 30-ին էր։ 3 տարի շարունակ անընդհատ հետաձգում էին հարսանիքը՝ կորոնավիրուս, պատերազմ, հետո էլ՝ շրջափակում։Գևորգն ու Բերտան համակուրսեցիներ էին՝ ապագա իրավաբաններ։ Գևորգը նաև մարզիկ էր՝ վազորդ, մրցումների էր մասնակցում աշխարհի տարբեր երկրներում, աշխատում էր որպես մարզիչ։ Տան միակ զավակն էր։Եղբայրներից կրտսերը՝ Գերմանը, 13 տարեկան էր՝ 8-րդ դասարանում էր սովորում։ Մյուսը եղբայրը՝ 17-ամյա Վադիմը, փոքր տարիքից դերասանությամբ էր զբաղվում, շոուներում հանդես գալիս, բոլոր միջոցառումների ժամանակ հաղորդավարն էր, երազում էր գալ Երևան, ուսումը շարունակել, լրագրող դառնալ։Հայրը՝ 58-ամյա Վարդան Շահրամանյանը, սպա էր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, մոտ 15 տարի առաջ թոշակի էր գնացել ու վարորդ էր աշխատում։Պայթյունի օրը 4-ն էլ առանձին-առանձին են գնացել բենզինի պահեստ։«Առավոտյան 8-ին պապան գնացել էր ուրիշ տեղ, հետո ասել էին՝ գնա Հայկազով։ Գերմանը նախաճաշեց, ցերեկը գնաց պապայի մոտ, ասեց՝ միասին կգանք։ Վադիմը չէր գնում, մեր հարևանը հաշմանդամ է, ինքն էր խնդրել, որ հետը գնար, օգներ։ Ամուսինս էլ էր գնացել»,- պատմում է Բերտան։Պայթյունի լուրը լսելուց հետո հարազատներին սկսեցին փնտրել ամենուր՝ բոլոր հիվանդանոցներում։«Սեպտեմբերի 27-ին ասեցին՝ մնալն անիմաստ է, բոլոր մասունքները Հայաստան ենք տեղափոխում, դուք էլ գնացեք»։Որոնումները նաև այստեղ՝ Հայաստանում շարունակվեցին։ Հոկտեմբերի 4-ին մայրը՝ տիկին Զարինեն ու ավագ եղբայրը՝ 20-ամյա Վրույրը (նա մի աչքը կորցրել է 2021 թվականին հակառակորդի կրակոցից՝ դիրքեր բարձրանալու ճանապարհին), նմուշ հանձնեցին՝ ԴՆԹ հետազոտության համար։ Առաջինը հոր ԴՆԹ-ն հաստատվեց՝ հոկտեմբերի 20-ին, հոկտեմբերի 25-ին կրտսերը եղբորը՝ Գերմանինը, հոկտեմբերի 30-ին ամուսնու՝ Գևորգի, Վադիմինը՝ նոյեմբերի 1-ին։ 4-ին միասին հուղարկավորեցին նոյեմբերի 6-ին։Ի դեպ, գերեզմանատանը տարածքն իրենք են գնել, ասում են՝ արժեքն 800 հազար էր, իրենց 400 հազարով են տրամադրել․․․ Որպես թաղման նպաստ տրվող 200 հազար դրամները դեռ չեն ստացել, ասում են՝ Արցախի սոցապ նախարարությունը գրանցում է արել, երևի մի բան կլինի։Ապրում են վարձակալած բնակարանում (250 հազար դրամ, 3 ամսվա վարձը փոխհատուցում է բարեգործական հիմնադրամներից մեկը), աշխատանք գտնել դեռևս չի հաջողվում։ Մեծ եղբայրը՝ Վրույրը, վարորդի, առաքիչի աշխատանք է փնտրում, ինքը՝ Բերտան, շատ կցանկանար մասնագիտությամբ աշխատել։ Արցախում նաև մատնահարդարում է սովորել, մտածում է՝ դա էլ կարող էր հավելյալ եկամտի աղբյուր դառնալ։ Մինչ այդ մայր ու դուստր իրենց փոքրիկ ընտանեկան գործն են սկսել։ Տիկին Զարինեն Արցախում երկար տարիներ մանկապարտեզում էր աշխատում, հայտնի էր իր համեղ թխվածքներով, արդեն մի քանի օր է՝ փախլավա է թխում, ինքը՝ Բերտան, գործում է շարֆեր, գլխազարդեր և այլ աքսեսուարներ։«Այս քանի օրը շատ պատվեր ենք ստացել, լավ է»,- ժպտալով ասում է Բերտան։Հույս ունեն՝ պատվերները շարունակական կլինեն, կկարողանան ոտքի կանգնել, ինքնուրույն իրենց ապրուստը վաստակել։ Արցախում ընտանիքը բարեկեցիկ կյանքով էր ապրում, ունեին երկու տուն Ստեփանակերտում, 1 տուն Կարմիր շուկա գյուղում, ամառանոց, ավտոտնակ․․․ Տիկին Զարինեն ասում է՝ իր հետ սեփականության 5 վկայական է բերել, բայց նյութական այս կորուստներն աչքի չեն էլ երևում։Ապագայի հետ կապված ծրագրեր պարզապես չունեն, ասում են՝ առջևում դեռ մթություն է։ Տիկին Զարինեն միայն մի հարցում է վստահ՝ Հայաստանից երբեք ու ոչ մի տեղ չի գնալու, որովհետև այստեղ են ամփոփված ամուսինն ու երկու որդիները։
Արցախից բռնի տեղահանվածների բոլոր պատմությունները սրտամաշ ու ցավեցնող են։ Առավել ցավեցնող են այն ընտանիքների պատմությունները, որոնցում կորուստ է եղել պատերազմի կամ չարաբաստիկ պայթյունի հետևանքով։ Sputnik Արմենիան ներկայացնում է դրանցից մեկը։
Փախլավայի անուշ հոտով լցված հյուրասենյակ, իսկ դրա ամենատեսանելի անկյունում 4 մեծ լուսանկարներ․․․ 23-ամյա Բերտան ամուսնուն, երկու եղբայրներին ու հոր կորցնելուց հետո մոր և մնացած միակ եղբոր հետ ուժ է գտել ապրելու։ Շահրամանյանների ընտանիքի 4 տղամարդիկ զոհվեցին սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով։
23-ամյա Բերտան ամուսնացած կնոջ կարգավիճակով ու լիարժեք երջանիկ ապրեց ուղիղ 25 օր։ Երկար սպասված հարսանիքն օգոստոսի 30-ին էր։
3 տարի շարունակ անընդհատ հետաձգում էին հարսանիքը՝ կորոնավիրուս, պատերազմ, հետո էլ՝ շրջափակում։
«Օգոստոսի 10-ին Գևորգը եկավ ու ասաց՝ վերջ, ամուսնանում ենք։ Ուղիղ 20 օր ունեինք պատրաստվելու, բայց ամեն ինչ էլ տեղը տեղին արեցինք։ Հարազատներով իրար գլուխ հավաքվեցինք, որ ստացվեր, շաքարավազն անգամ բաժակ-բաժակ հավաքեցինք, տորթ, փախլավա»,- պատմում է Բերտան։
Գևորգն ու Բերտան համակուրսեցիներ էին՝ ապագա իրավաբաններ։ Գևորգը նաև մարզիկ էր՝ վազորդ, մրցումների էր մասնակցում աշխարհի տարբեր երկրներում, աշխատում էր որպես մարզիչ։ Տան միակ զավակն էր։
Եղբայրներից կրտսերը՝ Գերմանը, 13 տարեկան էր՝ 8-րդ դասարանում էր սովորում։ Մյուսը եղբայրը՝ 17-ամյա Վադիմը, փոքր տարիքից դերասանությամբ էր զբաղվում, շոուներում հանդես գալիս, բոլոր միջոցառումների ժամանակ հաղորդավարն էր, երազում էր գալ Երևան, ուսումը շարունակել, լրագրող դառնալ։
Հայրը՝ 58-ամյա Վարդան Շահրամանյանը, սպա էր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, մոտ 15 տարի առաջ թոշակի էր գնացել ու վարորդ էր աշխատում։
Պայթյունի օրը 4-ն էլ առանձին-առանձին են գնացել բենզինի պահեստ։
«Առավոտյան 8-ին պապան գնացել էր ուրիշ տեղ, հետո ասել էին՝ գնա Հայկազով։ Գերմանը նախաճաշեց, ցերեկը գնաց պապայի մոտ, ասեց՝ միասին կգանք։ Վադիմը չէր գնում, մեր հարևանը հաշմանդամ է, ինքն էր խնդրել, որ հետը գնար, օգներ։ Ամուսինս էլ էր գնացել»,- պատմում է Բերտան։
Պայթյունի լուրը լսելուց հետո հարազատներին սկսեցին փնտրել ամենուր՝ բոլոր հիվանդանոցներում։
«Սեպտեմբերի 27-ին ասեցին՝ մնալն անիմաստ է, բոլոր մասունքները Հայաստան ենք տեղափոխում, դուք էլ գնացեք»։
Որոնումները նաև այստեղ՝ Հայաստանում շարունակվեցին։ Հոկտեմբերի 4-ին մայրը՝ տիկին Զարինեն ու ավագ եղբայրը՝ 20-ամյա Վրույրը (նա մի աչքը կորցրել է 2021 թվականին հակառակորդի կրակոցից՝ դիրքեր բարձրանալու ճանապարհին), նմուշ հանձնեցին՝ ԴՆԹ հետազոտության համար։ Առաջինը հոր ԴՆԹ-ն հաստատվեց՝ հոկտեմբերի 20-ին, հոկտեմբերի 25-ին կրտսերը եղբորը՝ Գերմանինը, հոկտեմբերի 30-ին ամուսնու՝ Գևորգի, Վադիմինը՝ նոյեմբերի 1-ին։ 4-ին միասին հուղարկավորեցին նոյեմբերի 6-ին։
Ի դեպ, գերեզմանատանը տարածքն իրենք են գնել, ասում են՝ արժեքն 800 հազար էր, իրենց 400 հազարով են տրամադրել․․․ Որպես թաղման նպաստ տրվող 200 հազար դրամները դեռ չեն ստացել, ասում են՝ Արցախի սոցապ նախարարությունը գրանցում է արել, երևի մի բան կլինի։
Ապրում են վարձակալած բնակարանում (250 հազար դրամ, 3 ամսվա վարձը փոխհատուցում է բարեգործական հիմնադրամներից մեկը), աշխատանք գտնել դեռևս չի հաջողվում։ Մեծ եղբայրը՝ Վրույրը, վարորդի, առաքիչի աշխատանք է փնտրում, ինքը՝ Բերտան, շատ կցանկանար մասնագիտությամբ աշխատել։ Արցախում նաև մատնահարդարում է սովորել, մտածում է՝ դա էլ կարող էր հավելյալ եկամտի աղբյուր դառնալ։ Մինչ այդ մայր ու դուստր իրենց փոքրիկ ընտանեկան գործն են սկսել։
Տիկին Զարինեն Արցախում երկար տարիներ մանկապարտեզում էր աշխատում, հայտնի էր իր համեղ թխվածքներով, արդեն մի քանի օր է՝ փախլավա է թխում, ինքը՝ Բերտան, գործում է շարֆեր, գլխազարդեր և այլ աքսեսուարներ։
«Այս քանի օրը շատ պատվեր ենք ստացել, լավ է»,- ժպտալով ասում է Բերտան։
Հույս ունեն՝ պատվերները շարունակական կլինեն, կկարողանան ոտքի կանգնել, ինքնուրույն իրենց ապրուստը վաստակել։ Արցախում ընտանիքը բարեկեցիկ կյանքով էր ապրում, ունեին երկու տուն Ստեփանակերտում, 1 տուն Կարմիր շուկա գյուղում, ամառանոց, ավտոտնակ․․․ Տիկին Զարինեն ասում է՝ իր հետ սեփականության 5 վկայական է բերել, բայց նյութական այս կորուստներն աչքի չեն էլ երևում։
Ապագայի հետ կապված ծրագրեր պարզապես չունեն, ասում են՝ առջևում դեռ մթություն է։ Տիկին Զարինեն միայն մի հարցում է վստահ՝ Հայաստանից երբեք ու ոչ մի տեղ չի գնալու, որովհետև այստեղ են ամփոփված ամուսինն ու երկու որդիները։