Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց
13:43 20.09.2022 (Թարմացված է: 13:44 20.09.2022)
© Sputnik / Aram NersesyanՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված կաշառակերության մեղադրանքով քրգործով դատական նիստի ժամանակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված կաշառակերության մեղադրանքով քրգործով դատական նիստի ժամանակ. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Դատական նիստին չէր ներկայացել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանը՝ առողջական խնդիրների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ նիստին չէր ներկայացել Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Պաշտպանը նախապես նամակ էր ուղարկել դատարան և նշել, որ չի կարող ներկայանալ դատարան՝ վատառողջ լինելու պատճառով։
Մինչ նիստի հետաձգելը, դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին ԱԺ պատվիրակության կազմում մեկնել Հայաստանից սեպտեմբերի 21-28 ներառյալ։
Հաջորդ դատական նիստը դատավոր Աննա Դանիբեկյանը նշանակեց հոկտեմբերի 4-ին, ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։ Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008-ի ապրիլի 21-ը, հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։