ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հաստատելու հարցում։ ԻԻՀ պետական լրատվական IRNA գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։
Նա ափսոսանք է հայտնել երեք հայ զինծառայողների վիրավորվելու, ադրբեջանցի զինվորականի մահվան և փոխհրաձգությունների վերաբերյալ:
Խատիբզադեն կողմերին զսպվածության կոչ է արել` հայտարարելով երկու երկրների միջև սահմանային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում Խատիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրների հաշտեցմանը։
Հիշեցնենք` հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային վնասվածքներ էին ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայողներ։
Նույն օրը` ժամը 23:00-ի սահմանում, Երասխի տարածքում Ադրբեջանը ԱԹՍ–ով ՀՀ տարածք մուտք գործելու փորձ է արել։ Ըստ ՀՀ ՊՆ–ի` ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: