ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկը ժամկետային է, երկուսը` պայմանագրայիններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հրապարակելով նրանց անունները։
«2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ`մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, կապված ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` փոխհրաձգության մասին երեկ հայտնել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ զինծառայողները հրազենային թեթև վնասվածքներ են ստացել։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:
Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։
Երեկ` հուլիսի 23-ին, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։