ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 46) հուլիսի 24-ին` ժամը 11:00-14:00: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Նրա աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ջիվան Գասպարյանի մահվան մասին հայտնի դարձավ հուլիսի 6-ին։ Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ջիվան Գասպարյանի հուղարկավորության հանձնաժողով ստեղծվելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում ստորագրեց։
Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 1928 թվականին։ Նա դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը շուտ է մահացել, իսկ հայրը պատերազմ է մեկնել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։
Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից առանց դասընթացների հաճախելու։
1949 թվականին արդեն Ջիվան Գասպարյանը միացել է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին։
1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։
Ինչպես Ստալինը ժամացույց նվիրեց Ջիվան Գասպարյանին․ ծիրանափողի հնչյունները նվաճեցին աշխարհը
Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։
Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։
Ջիվան Գասպարյանը մեծ վարպետ էր. Փիթեր Գեբրիելը հուզիչ գրառում է արել