Սևադա Պետրոսյանի դիտարկմամբ` Ֆիրդուսի թաղամասը շրջապատող շենքերից շատերն ունեն պատմամշակութային արժեք, սակայն դրանք բոլորն էլ ներառվել են նոր կառուցապատման նախագծում, որոնցից մի քանիսն արդեն իսկ ապամոնտաժվել ու քանդվել են։ Ըստ նրա` Հանրապետության 46 շենքի հանդեպ ուշադրությունը չափազանց մեծ է, ժամանակին հնարավոր դարձավ որոշակի գործողություններ իրականացնել հետագա քանդումը կանխելու համար։
«Պարզվեց նաև, որ իրականում քաղաքապետարանը չի տվել քանդման թույլտվություն։ Կապալառուն փորձում էր հողային ինչ–որ աշխատանքների պատրվակով շենքն ապամոնտաժել` փաստի առջև կանգնեցնելով մարդկանց։ Քաղաքապետարանն այժմ սպասում է ԿԳՄՍ նախարարության եզրակացությանը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ճարտարապետը։
Պետրոսյանի կարծիքով` հիշյալ շենքին առնչվող ամբողջ պրոցեսը շաղախված է անհասկանալի գործընթացներով, համակարգումն իրականացնում է կառավարությունը, իսկ քաղաքապետարանն ուղղակի մարգինալացված վիճակում է, իսկ հանրությանը տրվում է իրարամերժ տեղեկատվություն։
«Հուլիսի 12-ին կապալառու կազմակերպության ներկայացուցիչը քաղաքացիներին և մամուլի ներկայացուցիչներին ասաց, որ ըստ իր մոտ առկա տեղեկությունների՝ կառույցը հուշարձան է համարվում միայն ֆասադային և 6 մետր խորությամբ հատվածներով։ Ես տեղյակ չեմ օրենսդրական նման կարգավորման, հետևաբար ԿԳՄՍ նախարարությունից փորձել ենք պարզել` արդյոք ասվածը համապատասխանո՞ւմ է իրականությանը»,– ասաց ճարտարապետը։
«Հին Երևանի կանգուն վկաները». Աբովյան 3
Պետրոսյանի խոսքով` հասարակությունն ակնկալում էր, որ 2018 թվականի փոփոխություններից հետո այլևս կարիք չի լինի պայքարի կամ ճնշման մեթոդների գնալ, քանի որ հայտարարվում էր, թե կդադարեցվեն անօրինական կառուցապատումները, կսանձվեն պատմամշակութային շինությունների նկատմամբ կամայական վերաբերմունքի դրսևորումները, բայց դժբախտաբար տեղի ունեցավ հակառակը, հատկապես Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման աշխատանքների առումով։ Ըստ նրա` առկա են օրենքի կամայական մեկնաբանություններ օտարման գոտու և հանրային գերակա շահի վերաբերյալ ձևակերպումներում։
Ճարտարապետը վերստին հիշեցրեց Արամի փողոցում գտնվող Փոքրիկ երգիչների շենքի, գրատան և Մնջախաղի թատրոնի օրինակները, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, որ դժբախտաբար քաղաքացիական հասարակությունը ստիպված պետք է դիմի բողոքի ակցիաների, որպեսզի կարողանա հարցեր լուծել, քանի որ պետական համակարգը չի նպաստում ներքաղաքային միջավայրի պատմականության շարունակությանը, կառավարությունը չունի կառուցապատման, Երևանի զարգացման մեկ ընդհանուր տեսլական։
Հիշեցնենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ահազանգում են, որ Հանրապետության 46 հասցեի շենքը քանդվելու է, և պատմամշակութային նշանակություն ունեցող շինությունից մնալու է միայն ճակատային հատվածը։
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն նամակ է հղել ԿԳՄՍ նախարարությանը` ակնկալելով ստանալ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական եզրակացությունը Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան շենքի վերաբերյալ, ինչպես նաև կառույցի՝ հուշարձանի կարգավիճակի վերաբերյալ փաստացի ամբողջական հիմքը։