ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Հայաստանում հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է։ Լրագրողների հետ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
«Հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում սպասում ենք հերթական տաք հոսանքների ներթափանցմանը Իրաքից: Ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է»,- ասաց Սուրենյանը։
Անդրադառնալով հուլիս ամսվա եղանակային կանխատեսումներին Սուրենյանը նշեց, որ կրկին շոգ է լինելու, սակայն ի տարբերություն հունիսի՝ կլինեն նաև «ցուրտ» օրեր։
«Արդեն կանխատեսումներ ունենք. հուլիսը նույնպես շոգ է լինելու: Հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստճանով՝ պայմանավորված օդային տաք հոսանքների ներթափանցմամբ: Հովտային գոտիներում ամսվա ընթացքում ժամանակ առ ժամանակ առանձին օրերին ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40, +41 աստիճանի, բայց, ի տարբերություն հունիսի, ամսվա մեջ կունենանք օրեր, երբ կլինի նաև սառը օդային հոսանքների ներթափանցում»,- ասաց նա:
Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին
Նշենք, որ Հայաստանում հունիսը օդերևութաբանության պատմության մեջ դարձավ և՛ միջին ջերմաստիճանով, և՛ շոգերի տևողությամբ, և՛ ջերմաստիճանի առավելագույն ցուցանիշներով ամենատաքը։ Հունիսի 23-25-ը Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է 41,2 աստիճան տաքություն, ինչը 2 աստիճանով ավելի է, քան 1992 թվականի պատմական ռեկորդը։