ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 81–ով և դարձել 224167: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2578 մարդ (-29), կատարվել է 1146453 թեստավորում (+4121), առողջացել են վարակվածներից 215999-ը (+106): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 4496։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել՝ 1094։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի հուլիսի 1-ից։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։