ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով մայիսի 29-ից Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մարությանի ուղեկցությամբ Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ինչպես նաև Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին։
Երևանի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև ստորագրվել է 2021-2023 թթ. համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը, որը ստորագրել են Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը հնարավորություն կտա փոխգործակցություն ծավալել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:
Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին. աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան օրն է
«Երևանն ու Ստեփանակերտը մշտապես համագործակցել են տարբեր բնագավառներում, և մենք ունեինք ծրագիր, որով շարժվում էինք առաջ: Ցավոք սրտի, եղավ պատերազմը, և մեր ծրագրերը փոխվեցին: Հիմա շատ կարևոր է հետպատերազմյան իրավիճակում Ստեփանակերտի վերականգնումն ու մուտքը բնականոն կյանք: Երևանը մշտապես եղել է, կա և կլինի Ստեփանակերտի կողքին, մանավանդ այս դժվարին օրերին: Ստորագրված փաստաթուղթը փաստացի մեր առաջիկա տարիների համագործակցության ծրագրին է, դրանում տեղ են գտել երկու քաղաքների ավագանիների և ստորաբաժանումների ղեկավարների առաջարկները: Կսկսենք այսօր, կշարունակենք առաջիկա տարիներին և պե՛տք է վերականգնենք Ստեփանակերտը», – ընդգծել է Հայկ Մարությանը:
Ստեփանակերտի քաղաքապետն էլ իր հերթին ընդգծել է, որ պատերազմի դժվարին օրերին միշտ զգացել են Երևանի աջակցությունը:
«Տեղյակ եք, որ ֆինանսական զգալի օգնություն է մեզ տրամադրվել և, օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետին ու ավագանու անդամներին՝ նման որոշման համար: Այդ միջոցները տրամադրվել են ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ ուղղվել են Ստեփանակերտի վերականգնմանը: Երկու քաղաքների միջև կնքված պայմանագրի նպատակը ևս համատեղ ջանքերով հայկական երկրորդ մայրաքաղաքի վերականգնումն է»,- նշել է Դավիթ Սարգսյանը:
Հիշեցնենք`որպես «Երևան-Ստեփանակերտ» թարմացված համագործակցության ծրագրերի մեկնարկ՝ մայիսի 30-ին Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը: