Արցախյան 44–օրյա պատերազմը նորից փոխեց արցախցիների կյանքը․ տասնյակ հազարավորները կորցրին իրենց տունն ու ունեցվածքը, գրեթե 3 տասնամյակ անց կանգնեցին ամեն ինչ զրոյից սկսելու խնդրի առջև։
Լարիսան Շուշիից է։ Ընտանիքի հետ ապրում էր Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դիմաց՝ քառահարկ շենքում։ Ադրբեջանցիների տարածած տեսանյութերում իրենց տունն էլ է տեսել...
Հոկտեմբերի 2-ին սկեսուրի ու 2 փոքրիկ որդիների հետ դուրս եկան Շուշիից։ Իրենց հետ միայն մի քանի օրվա համար իրեր վերցրին. վստահ էին, որ վերադառնալու են, բայց արդեն 7 ամիս է՝ ապրում են երևանյան հանրակացարաններից մեկում։ Պատերազմի մասնակից ամուսինը մշտական աշխատանք չունի, կրտսեր որդու սիրտը Երևանում վիրահատել են, սպասում են՝ լիարժեք ապաքինվի, որ Արցախ վերադառնան Շուշիի ու իրենց տան կարոտով։ Հիմա Լարիսան հաճախում է «Մուղդուսյան» արվեստի կենտրոն և Երևանում գտնվելու ժամանակն օգտագործում է Մարաշի ասեղնագործողություն սովորելու համար։ Ուզում է հետագայում սեփական փոքրիկ գործը հիմնել։
«Ես մինչև ամուսնանալն ասեղնագործում էի, սա մոտ է իմ մասնագիտությանը, հիմա նոր բան եմ սովորում, որ կօգնի ինձ»։
Կենտրոն հաճախող կանանցից շատերն ունեն մասնագիտություն, Արցախում ունեցել են աշխատանք, իսկ հիմա հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ ապրուստի միջոց հայթայթելու ճանապարհներից մեկը նոր հմտություն ձեռք բերելն է։ Ձեռագործ աշխատանքներն այսօր շատ մոդայիկ են և մեծ պահանջարկ ունեն ոչ միայն մեր երկրում, այլև աշխարհում։
Արդեն մոտ 2 ամիս է՝ կենտրոնում կանայք սովորում են Մարաշի ասեղնագործություն, մետաքսանկարչություն (բատիկա), կերամիկա, փափուկ գրքերի ու խաղալիքների պատրաստում։ Արվեստի ուսուցման դասընթացներ են առաջարկվում նաև արցախցի երեխաներին ու պատանիներին։
Աննան Հադրութից է։ Դեռ դպրոցական է, բայց արդեն սեփական աշխատանքով օգնում է ընտանիքին։ Մատնահարդարի որակավորում ունի, սովորելուն զուգահեռ աշխատում է։ Ապագայի հետ կապված շատ ծրագրեր ունի. ցանկանում է դառնալ հոգեբան, լինել մարդկային ռեսուրսների կառավարիչ, գինեգործություն սովորել, բայց մինչ այդ ձեռագործության մեջ է հմտանում։
«Պետք կգա։ Թեկուզ ինձ համար հետաքրքիր բաներ կստեղծեմ, օրինակ` հագուստ»,- ասում է Աննան։
Կենտրոնի հիմնադիր, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանն ասում է՝ կանայք շատ դեպքերում միայնակ են ստիպված կյանքի ծանր բեռը կրել, դրա համար էլ հենց նրանք են կենտրոնի նոր ծրագրի շահառուները։
«Օգնելու ենք նաև իրենց աշխատանքները վաճառելու հարցում։ Արդեն կապեր ենք հաստատել Շվեյցարիայի, Կանադայի, Լոս Անջելեսի մեր հայրենակիցների հետ։ Պետք է նաև ներքին շուկայի հետ աշխատել»,- նշում է Մարիամը։
«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները
Այս պահին կենտրոնի դասընթացներին մոտ 15 արցախցի կին է մասնակցում տարբեր շրջաններից՝ Քաշաթաղից, Շուշիից, Հադրութից, նաև Ստեփանակերտից։ Ունեն մասնակից, որը տեղահանվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ Գետաշենից։
Ի դեպ, դասընթացներն անվճար են։ Ավելին` մասնակիցներին տրամադրվում են անհրաժեշտ բոլոր նյութերը, նաև ճանապարհածախս։ Կանայք կարող են իրենց փոքրիկների հետ գալ։ Կենտրոնում խոստանում են՝ մինչ մայրիկը հմտանում է ձեռագործության մեջ, իրենք փոքրիկին կզբաղեցնեն, կնկարեն միասին, կավագործությանը կծանոթացնեն և այլն։
Հրավիրված մասնագետներին վճարելու, անհրաժեշտ ծախսերը հոգալու համար առաջին 3-4 ամիսների գումարն արդեն գտնվել է, իսկ ծրագիրը երկարաձգելու համար հանրային դրամահավաք է հայտարարված։
Քարվաճառի վերջին հայկական օրը. կադրեր` լքված հայոց միջնաբերդից
«Երբ պետությունը ոչինչ չի անում, պետք է անհատը մի բան ձեռնարկի։ Մենք իրականում արդեն պետության աջակցություն չենք էլ փնտրում։ Զորանում ենք միասին, ապրում ենք միասին և աջակցում ենք միմյանց»,- նշում է Մարիամը։
Ասում է՝ արվեստի կենտրոնի դռները բաց են ոչ միայն արցախցի կանանց, սահմանամերձ գյուղերի բնակիչների, այլև բոլոր այն կանանց համար, որոնք կյանքի դժվարին իրավիճակում են հայտնվել և նոր հմտություն են ցանկանում ձեռք բերել։