ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Մեղրի համայնքապետ Մխիթար Զաքարյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժել է դատախազի բողոքը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը»,–գրել է նա։
Հիշեցնենք` ապրիլի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել ընդհանրապես չէր հաջողվել, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որպեսզի երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։
Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում հայտարարել էր, որ ակնկալում է իրավապահ մարմինների հստակ ու շատ կոշտ արձագանքը։
Ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոստիկանները բերման են ենթարկել Երևան։ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։
«Կստուգվի, ընթացք կտրվի»․ ՀՔԾ պետը՝ Մենուա Հովսեփյանի հանդեպ բռնության մասին