ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը, այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Մայիսի 12-ին տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե իբր թշնամին Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում դիրքերն առաջ է բերել:
Գնել Սանոսյանը հայտնում է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Հակառակորդը այս պահին աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով իր վերահսկողության տակ անցած այն հատվածներում, որտեղ ամիսներ առաջ եղանակային պայմանների պատճառով չէր հասցրել դիրքավորվել: Հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից:
«Վստահեցնում ենք, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից: Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-նշել է Գեղարքունիքի մարզպետը:
Դիրքերն առաջ բերելու վերաբերյալ դեպք է գրանցվել Սյունիքի Իշխանասարի հատվածում։ Այս պահին բանակցություններ են ընթանում ադրբեջանցիների հետ՝ նախկին դիրքերին վերադառնալու համար։