ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Շիրակի մարզում այսօր` մայիսի 10–ին, ձյուն է եկել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նաև ձնառատ ծառի լուսանկար է հրապարկել, որ նրան է տրամադրել Հովհաննես Դավթյանը։
«Գարուն ա, ձուն ա արել։ Շիրակի մարզ, Հառիճ գյուղ, 10.05.2021»,–գրել է Սուրենյանը։
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից էլ հայտնում են, որ մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Տեղեկացվում է, որ մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: