ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Aravot.am կայքին, որտեղ մեկնաբանել է նաև Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը չստորագրելու իր որոշումն ու նաև այդ հրամանագրի սահմանադրականությունը չվիճարկելը:
«Երբ վարչապետի առաջարկությունը եկավ՝ Օնիկ Գասպարյանին ազատել աշխատանքից, ակնկալիքն այն էր, որ hանրապետության նախագահը պետք է ստորագրի: Սակայն, քանի որ այս ամբողջը տեղի էր ունեցել Գլխավոր շտաբի ղեկավարի և իր գործընկերների հայտարարությունից հետո, բնական է, իմ առաջին քայլը հետևյալն էր՝ ես որևէ փաստաթուղթ չեմ ստորագրի, մինչև մարդկանց հետ չհանդիպեմ: Գնացի Գլխավոր շտաբ, հանդիպեցի Օնիկ Գասպարյանի հետ: Ներկաներ կային, հետո գեներալների հետ առանձին հանդիպեցի, բավականին երկար տևեց՝ մի քանի ժամ»,- «Առավոտի» խմբագրի հարցին ի պատասխան ասել է նախագահը՝ նշելով, որ էթիկայի տեսակետից ճիշտ չի համարում Օնիկ Գասպարյանի հետ իր զրույցը բացահայտելը:
Արմեն Սարգսյանը միայն հայտնել է, որ իր տպավորությամբ ո՛չ Օնիկ Գասպարյանը, ո՛չ Գլխավոր շտաբի գեներալները չէին պատրաստվում ուրիշ քայլ անել, բացի իրենց հայտարարությունից:
«Գեներալների հետ հանդիպման ժամանակ ես լսում էի բաներ, որոնց մասին արդեն գիտեի և որոշ բաներ, որ նորություն էին ինձ համար՝ բանակի վիճակի մասին: Այդ հանդիպումից հետո իմ եզրակացությունը (խորհրդակցելով գործընկերների, իրավաբանների հետ և հաշվի առնելով առանձին կարծիքներ) հետևյալն էր՝ կա առերևույթ սահմանադրական խնդիր: Եվ ես հստակ ասացի, որ չեմ ստորագրելու, ուղարկեցի վարչապետին, ըստ ընթացակարգի՝ վարչապետն իր կարծիքը հետ ուղարկեց, ես նորից` երկրորդ անգամ հաստատեցի, որ չեմ ստորագրելու և խնդիրը տանելու եմ Սահմանադրական դատարան»,- ասել է նախագահը:
Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ իր այդ հայտարարությունը ընդդիմությունը մեկնաբանեց այնպես, որ ինքը պատրաստվում է ՍԴ դիմել Օնիկ Գասպարյանի անձնական գործով: Բայց իր համոզմամբ` հանրապետության նախագահը պետք է դիմի ընդհանրապես այդ օրենքի և դրա գործառնության գործով՝ դիմումի մեջ ներառելով նաև Օնիկ Գասպարյանի դեպքը:
Դատախազությունը Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումն ուղարկել է քրեական ոստիկանություն
«Ես բացարձակապես համոզված եմ, որ այն, ինչ մենք արել ենք, ճիշտ ենք արել: Արել ենք ճիշտ և՛ պետության, և՛ երկրի կայունության համար, և ճիշտ լուծում գտնելու համար»,- ասել է Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման միջնորդությանը, նախագահ Սարգսյանն ասել է, որ ինքը դարձյալ հրաժարվել է այն ստորագրել, բայց և Սահմանադրական դատարան չի դիմել, քանի որ արդեն այդ նույն օրենքի հարցով դիմել էր: «Այսինքն՝ իմ դիմումը ներառում էր ոչ միայն Օնիկ Գասպարյանի դեպքը, այլև բոլոր հնարավոր դեպքերը: Հետևաբար, իմ՝ նման ձեւով Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ էր»,- ասել է նախագահը:
Նրա խոսքով` դա նաև առիթ է տվել Օնիկ Գասպարյանին, մյուսներին դիմել վարչական դատարան:
Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ներքաղաքական իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։
Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ որոշումն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ: