ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գիտեր` որտեղ է բերել-հասցրել Ղարաբաղի բանակցային գործընթացը, սակայն մյուսները չգիտեին. փակ էին այդ փաստաթղթերը: Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականի մայիսից ես դեռ մեկ շաբաթ էր, որ վարչապետ էի, իրենք ասում էին, որ ես եկել եմ հողերը հանձնելու: Այդ թղթերը դեռ իմ սեղանին չէին էլ հայտնվել, բայց ասում էին` եկել է, որ հողերը հանձնի։ Ինչո՞ւ։ Որովհետև գիտեին` որտեղ են հասցրել բանակցային գործընթացը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` եթե շատ մանրամասն ուսումնասիրեն ԼՂ բանակցային գործընթացը, կարող է պարզվել, որ վերջին 20 տարիներին, ինչպես նաև 2018-ի դրությամբ, բանակցային բովանդակությունը եղել է Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավար մարզի վերականգնումը։ Փաշինյանը նշեց` անհրաժեշտության դեպքում կհիմնավորի իր ասածները։
«Ըստ էության, բանակցային գործընթացը բերվել է մի հանգրվանի, որ երբ նայում ես, հասկանում ես` հեռանկարը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի կազմում վերականգնելու բովանդակությունն ունի։ Եվ մեզ մեղադրում են, որ պատերազմ էր սկսվել և մենք կարգավորման հնարավորությունը չենք օգտագործել»,–ասաց Փաշինյանը` հիշեցնելով, թե ինչ էր ասել Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին ԱԺ ամբիոնից:
Նրա խոսքով` Սարգսյանն ասել է, որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացում անիրատեսական են և անընդունելի: Սարգսյանը, ըստ վարչապետի, հավելել էր, որ այլևս այս պահից չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձի լուծել Ղարաբաղի հարցը: Փաշինյանը վստահեցնում է` այս ամենի տեսանյութերը։
«Եթե 2020թ․-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան
Վարչապետը նշում է` այդ դեպքում ի՞նչ պետք է աներ իրենց իշխանությունը` պետք է ընդունեի՞ն Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պայմանները Ղարաբաղի հարցում, պետք է շարունակեին Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթա՞ցը...
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։