ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մարտի 5-8-ը Ուկրաինայում մասնակցել է միջազգային մրցաշարի և նվաճել 8 մեդալ` 3-ական ոսկի և բրոնզ, ինչպես նաև 2 արծաթ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մրցաշարի հաղթողներ են դարձել 65 կգ քաշային Դավիթ Մարգարյանը, 74 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Լևիկ Միքայելյանը 61 կգ և Արթուր Սարդարյանը 65 կգ: Բրոնզե մեդալներով հայրենիք են վերադարձել 57 կգ Մանվել Խնձրցյանը, 70 կգ Նարեկ Հարությունյանը և 79 կգ Կնյազ Իբոյան:
Մրցաշարին մասնակցել են 160 ըմբիշներ Ուկրաինայից, Մոլդովայից, Սլովակիայից, Լիտվայից և Հայաստանից:
Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԸՖ-ի մամուլի բաժնի հետ զրույցում նշել է, որ գոհ է տղաների ելույթներից:
«Ընդհանուր առմամբ` գոհ եմ: Բոլորը 4-5 գոտեմարտ անցկացրին. յուրաքանչյուր քաշային կարգում 30-35 մասնակից կար` բացառությամբ գերծանր քաշային կարգի, որտեղ 8-ն էին: Տղաները թե՛ հաղթած, թե՛ պարտված գոտեմարտերից շատ բան ունեն սովորելու: Սա մեր հավաքականի կորիզն է: Ճիշտ է, կան տղաներ, որոնք անձնագրի և երկրից դուրս գալու հետ այս պահին խնդիր ունեին, բայց Հայաստանի առաջնությունում հաղթելուց ու լավ մասնակցությունից հետո, հուսով եմ, այդ հարցն էլ կլուծվի»,– ասել է նա։
Մարզչի խոսքով` այս մրցաշարը նաև լավ նախապատրաստական փուլ է ապրիլի 26-28-ը կայանալիք Հայաստանի երիտասարդական առաջնությունից առաջ։