ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
- Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
- Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
- Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
- Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
- ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
- Հայ արվեստի ասպետ, 2007
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
- ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
- «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
- Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։