ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Կառավարության որոշմամբ` պահուստային ֆոնդից քաղաքաշինության նախարարությանը 470 մլն դրամ հատկացվեց` Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով։ Նման որոշում կայացվեց այսօր` կառավարության նիստի ժամանակ։
Պատերազմական գործողություններից հետո սահմանազատման աշխատանքների ժամանակ Շուռնուխի 13 տների բնակիչներ զրկվել է տնից։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց` փետրվարի սկզբից արդեն իսկ մեկնարկել են նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները։ Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն նաև 13 բնակելի տների շինարարական աշխատանքները։
«Յուրաքանչյուր տան հետ զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ։ Դրանք կազմակերպված են այնպիսի հաշվարկով, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման և բնակեցման գործընթացները»,–ասաց նա։
Ղուլարյանի խոսքով` ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում` առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն և ճանապարհները` առանց ասֆալտապատման։
Երկրորդ փուլով բոլոր ենթակառուցվածքները կկառուցվեն, իսկ երրորդ փուլով գուցե անհրաժեշտություն լինի հասարակական և արտադրական նշանակության որոշ կառույցների շինարարության հարցեր առաջ քաշել։ Առաջին երկու փուլերի համար անհրաժեշտ կլինի 700 մլն դրամ։ Ղուլարյանը նշեց`շինարարական աշխատանքներին պետք է ընդգրկեն մարզի բնակիչներին և կազմակերպություններին։
Շուռնուխի ու Որոտանի տուն կորցրած բնակիչները վեց ամիս կստանան 68 հազարական դրամ
Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը հայտնեց` տարածքների կրճատման հետևանքով այս պահին Սյունիքի բնակիչները անասնապահության առումով խնդիրներ ունեն, հատկապես Որոտան համայնքում։
Հիշեցնենք, որ տներից զրկված քաղաքացիներին հատկացվում է նաև 300 հազար դրամ միանվագ և 68 հազարական դրամ (6 ամսվա ընթացքում) աջակցություն։