ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի նախկին առաջնորդների հետ քննարկել է հրատապ հարցերի ամբողջ շրջանակը և պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։
«Խոսել ենք 2020թ․-ի վերջին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, այն աշխատանքի մասին, որ իրականացնում են Ռուսաստանն ու խաղաղապահ զորակազմը, Ղարաբաղում Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնը, այն աջակցության մասին, որը ցուցաբերվում է Հայաստանին տարբեր ոլորտներում»,-ասել է Կոպիրկինը։
Նա նշել է, որ իր համար հետաքրքիր էր լսել նախկին ղեկավարների` երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի գնահատականները։ Կոպիրկինն ընդգծել է, որ նրանք ընդգծում է երկու երկրների միջև գոյություն ունեցող մտերիմ, դաշնակցային հարաբերությունների կարևորությունը։
Դեսպանի խոսքով` սա իսկապես անվտանգության և զարգացման այն գործոնն է, որն անհրաժեշտ է երկու երկրներին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում տիրող այս բարդ իրավիճակում։
Ինչ վերաբերում է իշխող թիմի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելու որոշմանը, Կոպիրկինը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության և քաղաքական ուժերի որոշելիքն է: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ընդունում է, որ դա Հայաստանի ներքին գործն է։
«Կարծում եմ՝ ճիշտ որոշում կընդունվի, այդ թվում՝ ելնելով այն բարդ իրավիճակից, որում գտնվում է երկիրը։ Կարևոր խնդիրները լուծելու անհրաժեշտությունից, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանը և որոնց լուծման հարցում Ռուսաստանը փորձում է ակտիվորեն օգնել»,-ասել է Կոպիրկինը։
Հարցը կլուծվի. Կոպիրկինը՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին ի պատասխան Կոպիրկինն ընդգծել է, որ դրա գնահատականը պետք է տա հայ ժողովուրդը:
Նշենք, որ հունվարի 25–ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Իսկ փետրվարի 4-ին ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանի հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։