ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողները, որոնք օրերս ազատ էին արձակվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ՀՀ տարածքում էին հայտնվել եղանակային պայմանների պատճառով մոլորվելու հետևանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը փետրվարի 1-ին հայտնել էր, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայողներ։ ԱԱԾ–ն նրանց ձերբակալել էր հունվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ` հասկանալու, թե ինչի դիմաց են այդ զինծառայողներին ազատ արձակել։
«Նրանց վերաբերյալ համապատասխան որոշումը կայացվել է ՌԴ խաղաղապահների հետ համակողմանի քննարկումների արդյունքում»,–նշված է ԱԱԾ պատասխանում։
Միաժամանակ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ գործընթացն իրականացվել է նկատի ունենալով, որ հայկական կողմից ևս նմանատիպ դեպք է եղել, և փոխադարձ համաձայնությամբ, նույն ընթացակարգով հարցը լուծվել է։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ 2021 թ. հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը (հատուկ նշանակության) Վանք բնակավայրից տարհանել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողի և հանձնել ադրբեջանցի բժիշկներին:
Միջադեպ Կապանում. ռուս սահմանապահները БТР–ով փակել են ադրբեջանցիների ճանապարհը