ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երեխաները, ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն երեխայի համար համացանցի վտանգներից։ Այս մասին իր ուղեցույցում նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ի՞նչ պետք է հաշվի առնել տրանսպորտային կապերի ապաշրջափակման ընթացքում. ՄԻՊ-ի դիտարկումները
Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ահազանգեր ծնողներից և ուսուցիչներից թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
«Վերջերս համացանցում լայն տարածում են գտել երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք անկառավարելի տարածում են ստացել ամբողջ աշխարհում և մեծ սպառնալիք են երեխաների, հատկապես դեռահասության տարիքում գտնվող երեխաների առողջ զարգացման համար: Ցավոք, մեր երկրում նույնպես տարածում են գտել այդպիսի խաղեր։ Նշվածը պահանջում է երեխաների ծնողների, այլ օրինական ներկայացուցիչների, ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրություն և զգոնություն, հստակ կանխարգելիչ միջոցներ, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային միջավայրում անվտանգության մեխանիզմների կատարելագործմանը»,- նշել է Թաթոյանը:
Նրա խոսքով՝ երեխաները նույնպես պետք է իմանան, թե ինչպես խուսափեն վտանգներից կամ ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ նորարարական տեխնոլոգիաների միջավայրը գրավիչ ազդեցություն ունի երեխաների վրա:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար կազմակերպում է սեմինարներ ուսուցիչների համար՝ ուշադրություն դարձնելով թվային միջավայրում երեխաների անվտանգության վերաբերյալ ինֆորմատիկայի ուսուցիչների իրազեկվածության բարձրացմանը։ Այդ դասընթացներին արդեն իսկ մասնակցել է շուրջ 100 ուսուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ թվային միջավայրում երեխաների պաշտպանության վերաբերյալ օգտակար խորհուրդներ երեխաներն ու նրանց ծնողները, ինչպես նաև ուսուցիչները կարող են գտնել «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցում, որն ընդունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից:
Տվյալ ուղեցույցը պարունակում է առաջարկություններ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների համար:
Ուղեցույցի հայերեն թարգմանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է դեռևս 2018 թվականին:
Թաիլանդում 17–ամյա գեյմերը մահացել է համակարգչային խաղեր խաղալիս