ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը կկայանա այսօր կամ վաղը: Հանդիպումը կարող է բեկումնային լինել, քանի որ պետք է կոնկրետ որոշումներ կայացվեն՝ ինչ է լինելու Հայրենիքի փրկության շարժման ճակատագիրը, և, ամենակարևորը` արդյո՞ք հնարավոր արտահերթ ընտրություններին պետք է ընդդիմությունը մասնակցի, թե ոչ: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Բանն այն է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով և ինքնամեկուսացած էր: Երեկ նոր հայտնի դարձավ, որ նրա թեստի պատասխանը արդեն բացասական է եղել:
«Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը հակված է ընտրությունները բոյկոտելու տարբերակին, իսկ մնացած ուժերը չեն կիսում նրա կարծիքը, ու պետք է հակաիշխանական ուժերը քննարկեն՝ ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին՝ առանձին, թե կոնսենսուս՝ հանած մեկ՝ Նիկոլ Փաշինյան»,–գրում է թերթը:
Բացի այդ, քննարկվելու են նաև փետրվարի 18-ին ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաքի հետ կապված հարցերը, քանի որ դեռևս վերջնական չէ, թե այն որտեղ է կայանալու, ինչ ձևաչափով:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս թեմայի շուրջ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանից պարզել, թե արդյո՞ք ընդդիմութայն լիդերների հանդիպման օրը որոշված է:
Գալստյանն ասել է, որ նման հանդիպում կայանալու է, բայց օրը դեռևս հստակ չէ: