ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի արդյունքում 2020թ–ի ընթացքում աշխարհում գրեթե 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը` վկայակոչելով միջազգային կառույցների տվյալները։
«Կան ոլորտներ, որտեղ կրկնապատկվել, բազմապատկվել են, կան ոլորտները, որտեղ մի քանի անգամ, նույնիսկ 10-ապատիկ ավելացել են»,– ասաց Մուրադյանը։
Նրա խոսքով, բացառություն չեն նաև հայաստանյան հարկային ու մաքսային կառույցները, որտեղ 2020թ–ին նոր առցանց ծրագրեր են ներդրվել, որոնցից ՊԵԿ նախագահի` տեղեկատվական տեխնոլոգիաների կատարելագործման և միջազգային համագործակցության ոլորտները համակարգող տեղակալը հատկապես առանձնացրեց էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրումը։
«ՊԵԿ–ը հարկ վճարողների հետ շփումը 100 տոկոսով իրականացնում էր միայն էլեկտրոնային տարբերակով, նկատի ունեմ հաշվետվությունների, հաշվարկների ներկայացումը, թվային փաստաթղթերի, ՀԴՄ կտրոնների հետ կապված հարցերը։
Բայց, այնուամենայնիվ, կան որոշակի գործառույթներ, օրինակ, եկամտահարկի` բանկում վճարած տոկոսների չափով հետ ստանալու գործողությունը, որտեղ դեռևս կան թղթային դիմում ներկայացնելու ինչ–որ պահեր։ Մենք համավարակի ժամանակ դա էլ փորձեցինք տեղափոխել էլեկտրոնային հարթակ։ Իսկ հիմա ավելի մեծ ծրագիր ենք նախաձեռնել, որ ամբողջությամբ այդ պրոցեսը թվայնացնենք` սկսած բանկից մինչև հաշվեհամարին գումարը հետ ստանալու պրոցեսը»,– ասաց Մուրադյանը։
Նրա խոսքով, այս բարեփոխումներից հետո քաղաքացին այլևս կարիք չի ունենա ո՛չ բանկ, ո՛չ ՊԵԿ, ո՛չ էլ ֆինանսների նախարարություն այցելելու։
Հանցագործության մասին հաղորդումները ՊԵԿ-ում ավելացել են. պատճառվել է 21 միլիարդի վնաս
2021թ–ին ՊԵԿ–ում նախատեսվում է առցանց դարձնել նաև լիզինգի ծառայությունը։ Համապատասխան ծրագիրն արդեն մշակվում է։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ հարկ վճարողների 70 %-ը, կոմիտեի կազմակերպած հարցման արդյունքներով, ցանկությւն է հայտնել օգտվել առցանց ծառայություններից ու դրանք ստանալ բջջային հավելվածների միջոցով։