ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն` առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նախնական տվյալներով` վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:
Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի (ֆիզուլի) և Հադրութի շրջաններում:
Հայտնաբերվել է 4 զիծառայողի աճյուն. նրանցից մեկի մոտ եղել է վարորդական իրավունքի վկայական
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։