ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Ադրբեջանի 41-ամյա քաղաքացի Ալիյար Օջագվերդիևը Արցախի` Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքում ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել է։ Այս մասին հաղորդում Է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ տղամարդը գտնվել է ճանապարհաշինության աշխատանքը կատարող բուլդոզերի մեջ։
Ադրբեջանցին մահացել է ստացած ծանր վնասվածքներից։
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, գումարտակի հրամանատար, մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։
Հիշեցնենք, հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի է պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Իսկ ավելի վաղ` 2020թ.–ի դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։
Իսկ նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ղարաբաղի ԱԻՆ–ի 4 աշխատակիցները, խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպան, մահացել է ադրբեջանցի զինծառայողներից մեկը։