ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրապարակել է հերթական տեսանյութը, որում ադրբեջանցիները պղծում են հայկական մշակութային արժեքները։ Այս անգամ տեսանյութը Արցախի` այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի Առաքել գյուղից է։ Կադրերում երևում է` ինչպես են ադրբեջանցիները կոտրում խաչքարը։
«Սոցիալական ցանցերում հրապարակված մեկ այլ տեսանյութ, որը ցույց է տալիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական հուշարձանների կանխամտածված ոչնչացումը», – մակագրել է տեսանյութը Նաղդալյանը։
Հայ օգտատերերին բարկացրել է այս փաստը.
««ՅՈւՆԵՍԿՕ, հրավիրում ենք ձեր ուշադրությունը», «Վանդալները մնում են վանդալներ», «Նրանք շարունակում են պատերազմական հանցագործություններ կատարել»»,–գրում են նրանք։
Another video published in social media demonstrating intentional destruction of #Armenia'n monuments by #Azerbaijan'i armed forces: Arakel village of #Hadrut region of the Republic of #Artsakh (currently occupied by Azerbaijan). pic.twitter.com/txRHP3XHdX
— Anna A. Naghdalyan (@naghdalyan) January 12, 2021
Նշենք, որ սոցցանցերում տարբեր ժամանակներում հայտնվել են Արցախի հայկական հուշարձանների պղծման փաստեր։ Այսպես` ադրբեջանցիները պայթեցրել էին սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում, ադրբեջաներեն գրառումներ արել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պատերին, քանդել գերեզմաններ հայկական գյուղերում և այլն։
Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի մաս համարվող Հադրութի շրջանը և Ասկերանի ու Մարտունու որոշ գյուղեր։ Համաձայն հայտարարության` կողմերի տիրապետության տակ են անցնում այն տարածքները, որոնք գրավված են եղել պատերազմի ժամանակ։