ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Եկեք որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր գնում ենք ընտրությունների։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման իր առաջարկին։
«Այո, մենք այսօր ունենք խորհրդարանական մեծամասնություն, որով կարող ենք այդ հարցերը լուծել, քննարկել «Իմ քայլը» խմբակցության ներսում, գալ համաձայնության և լուծել։ Բայց մենք ուզում ենք, որ նաև այդ թեմաներով լինի քննարկում, և մենք լսենք տեսակետներ, բովանդակային քննարկում ունենանք ամեն ինչի մասին։ Այսքան ժամանակ ես ոչ լրագրողների, ոչ որևէ մեկի հետ զրույցում չեմ խուսափել որևէ հարցի պատասխանելուց։ Մարդիկ պնդում են, որ դավաճա՞ն է, ինձ մեղադրում են դավաճանության մե՞ջ։ Շատ լավ, պատրաստ եմ առերեսվել այդ մեղադրանքի հետ, թող մարդիկ որոշեն՝ դավաճա՞ն եմ, թե՞ ոչ։ Ես խուսափո՞ւմ եմ որեւէ մեղադրանքից։ Շատ լավ, ընտրական օրենսգիրք, ես ունեմ իմ պատկերացումները՝ դա ինչպիսին պետք է լինի, թող մյուսներն էլ ասեն իրենց պատկերացումները»,–ասաց Փաշինյանը։
Հարցին՝ արդյոք նման համակարգով ընտրությունների գնալը ճիշտ է, Փաշինյանն ասաց, որ պետք է դատական համակարգի հարցը լուծել, նոր գնալ ընտրությունների։
«Իմ ասածն առաջարկ է, իմ ասածը պարտադրանք չէ և չի էլ կարող լինել։ Եկեք որոշենք, որ դատական համակարգի հարցը էս-էս ձևով լուծում ու գնում ենք ընտրությունների»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հրապարակել է ճանապարհային քարտեզ, բայց կոնկրետ ժամկետներ չի առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։
Ընդդիմությունն էլ պահանջում է վարչապետի հրաժարականից հետո միայն անցկացնել խորհրդարանական ընտրություններ՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելուց ու ճգնաժամային իրավիճակը կայունացնելուց հետո։
Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Դեկտեմբերի 22-ին ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են սկսել Հանրապետության հրապարակում։
Ինչու Փաշինյանը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների. պարզաբանում է քաղտեխնոլոգը