Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` Հայաստանի ու Ադրբեջանի նոր սահմանների կամ դեմարկացիայի հարց առաջացավ նոյեմբերի 9-ի տխրահռչակ կապիտուլյացիոն փաստաթղթից հետո, դա այն ծանր, տխուր հետևանքներից մեկն է, որի առջև, ի թիվս այլ հարցերի, կանգնել է Հայաստանը։ Ըստ նրա` մինչ պատերազմն ու դրանից հետո Հայաստանի ընկալումը միջազգային ասպարեզում էապես փոխվել է։
«Չէի ասի, որ պատերազմից առաջ էլ միջազգային հանրության մոտ Հայաստանը միանշանակ ուներ արդյունավետ երկրի իմիջ, որովհետև որպես երկիր ունենք բազմաթիվ պրոբլեմներ։ Այնուամենայնիվ այդ խնդիրներով հանդերձ` Հայաստանն աշխարհում ընկալվում էր որպես պետություն, որը տարածաշրջանում ուներ ամենահզոր բանակը, ու շնորհիվ այն հանգամանքի, որ արցախյան առաջին պատերազմում հաղթել էինք, Հայաստանն ուներ մեծ սուբյեկտություն` անկախ այն իրողությունից, որ մեր արտաքին քաղաքականությունն արդյունավետ չէր, որ մեր պետական կառավարման որակը կաղում էր»,– նշեց քաղաքագետը։
Սուրենյանցի կարծիքով` նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունից հետո Հայաստանն ամբողջովին կորցրել է իր սուբյեկտությունը, և հենց այդ տխուր ընկալումն էլ առկա է միջազգային հանրության կողմից։ Ըստ նրա` այս պատերազմում մենք ոչ միայն շատ կարևոր տարածքներ ու թանկագին կյանքեր կորցրեցինք, այլև, ըստ էության, կորցրեցինք պետականությունն Արցախում, և էապես սահմանափակվեց ինքնիշխանությունը Հայաստանում։
ԽՍՀՄ քարտեզագրողները կաշառակեր էին. ո՞ւմ է վստահում տնտեսագետը Սոթքի հանքի հարցում
«Հայաստանի դիրքերն էապես թուլացած են նաև բանակցային գործընթացում, որովհետև եթե առաջ հնարավորություն ունեինք բանակցել օրինակ «տարածքներ` կարգավիճակի դիմաց» բանաձևի շուրջ, ինչն ըստ էության եղել է հայկական դիվանագիտության հաղթաթղթերից մեկն առնվազն վերջին 20-25 տարում, ապա այժմ զրկված ենք այդ կռվանից, քանի որ կորցրել ենք տարածքները, և Ադրբեջանն էլ, դատելով նրա հռետորաբանությունից, ընդհանրապես չի ուզում նույնիսկ քննարկել Արցախի կարգավիճակի հարցը` համարելով, որ այդ հարցն ինքը լուծել է»,– նշեց քաղաքագետը։
Այնուամենայնիվ քաղաքագետը գտնում է, որ բանակցային գործընթացում կան հնարավորություններ, և Հայաստանն արդյունավետ քաղաքականություն վարելու դեպքում, բնականաբար նոր իշխանության պարագայում, որը չի ասոցացվի պարտության հետ, կարող է ժամանակի ընթացքում օրակարգ բերել Արցախի սուբյեկտությունը մեծացնելու կամ նույնիսկ նրա միջազգային ճանաչման հարցը, բայց դա շատ դժվար է լինելու և ենթադրում է՝ շատ տևական ժամանակ կպահանջվի։
Սուրենյանցի համոզմամբ` նույնիսկ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը վերջնականապես չի փակել Արցախի թեման և մի նեղ պատուհան է թողել, որպեսզի Արցախի բեկորների կարգավիճակի հարցը քննարկելի դառնա։