ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները:
Կողմերը կարծիք են հայտնել, որ թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունություն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Դեկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ նա վերադարձել է աշխատանքի, սակայն ոչ ամբողջական գրաֆիկով: