ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոր ցավով է ընդունել ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի մահվան բոթը։
«Ռիտա Սարգսյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում հարազատ Արցախում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հարությունյանը Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել Ռիտա Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին։
«Նրա հովանավորությամբ և գործուն աջակցությամբ կյանքի են կոչվել կարևոր ռազմավարական ծրագրեր մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում։ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի ծրագրի շրջանակում լույս աշխարհ են եկել հարյուրավոր երեխաներ՝ սպասված լույս սփռելով իրենց ընտանիքներում»,–նշված է Հարությունյանի ուղերձում։
Արցախի նախագահն ասում է նաև, որ Ռիտա Սարգսյանը մեծ խանդավառությամբ էր իրականացնում մշակութային բազմաբնույթ ծրագրեր՝ իր անգնահատելի նպաստը բերելով Արցախում մշակույթի զարգացման գործին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ցավակցական ուղերձ էր հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։