ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
«Որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` տիկին Սարգսյանն իր կարևոր դերակատարումն է ունեցել արյան քաղցկեղի դեմ պայքարող հայ փոքրիկներին աջակցելու գործում` նպաստելով մանկական առողջապահության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը: Նրա գործունեության արդյունքում վերակառուցվել են առողջապահական եւ ուսումնական հաստատություններ»,- նշված է ուղերձում։
Վարչապետը նշել է, որ Ռիտա Սարգսյանը ծավալել է սոցիալ-հասարակական ակտիվ գործունեություն, խրախուսել մշակութային կյանքի աշխուժացումը։
«Մեր ընտանիքի անունից ցավակցություն եմ հայտնում Սարգսյանների սգակիր ընտանիքին»,- եզրափակել է վարչապետը ցավակցական ուղերձը։
Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանն օրերս կորոնավիրուսից առաջացած բարդությունների պատճառով ծանր վիճակում տեղափոխվել էր արտերկիր՝ բուժման նպատակով։
Այսօր հայտնի դարձավ, որ նա մահացել է։