ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում արցախահայությանն աջակցության խաղաղ ցույց է անցկացվել։ Մի քանի տասնյակ սերբեր և հայեր հավաքվել են խորհրդանշական վայրում ՝ Սերբիայի հովանավոր սուրբ Սավայի տաճարի մոտ։
Ցույցի մասնակիցներից մեկը սերբական «Գործել կույրերի համար» կազմակերպության ակտիվիստ Լուկա Յոքսիմովիչ-Բարբատն է։ Նա խոստովանել է՝ ցույցին երկար չեն պատրաստվել, չեն փորձել տեսախցիկների համար մարդկանց բազմություն հավաքել։ Եկել են նրանք, ովքեր գիտեն իրավիճակի մասին ու հայ ժողովրդին ինչ-որ կերպ աջակցելու ներքին կարիք էին զգում։
«1999 թվականին, երբ ՆԱՏՕ-ն ռմբակոծում էր Բելգրադը և Սերբիայի մնացած հատվածները, մեզ համար շատ կարևոր էր, երբ աշխարհի ինչ-որ անկյունում մեր մասին ինչ-որ մեկը հիշում և աջակցում էր, թեկուզև խոսքով։ Գուցե դա մեծ բան չէ, պարզապես մենք զինվորներ չենք և չենք կարող զենքով օգնել։ Բայց մենք կարող ենք գոնե ցույց տալ, որ ձեզանից երեք հազար կիլոմետր հեռավորության վրա կան մարդիկ, որոնք աջակցում են ձեզ և հաղթանակ են մաղթում», - հայտարարել է Յոքսիմովիչ-Բարբատը։
Մեծ թվով սերբեր գիտեն Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի, հույների, ասորիների, եզդիների նկատմանբ ցեղասպանության մասին։ Հայաստանում ևս հայտնի է սերբերի ցեղասպանության մասին, որն իրագործվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների և նրանց խորվաթ աջակիցների կողմից։ Նրանք ոչնչացնում էին հազարավոր սերբերի, կոմունիստ խորվաթների, հրեաների, գնչուների Յասենովաց և այլ համակենտրոնացման ճամբարներում։
Նշենք, որ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և ի աջակցություն Արցախի ցույցեր են անցկացվում աշխարհի տարբեր քաղաքներում։ Դրանց մասնակցում են ոչ միայն հայերը, այլև տեղի բնակիչները՝ ֆրանսիացիներ, ամերիկացիներ, ռուսներ, արաբներ, քրդեր, հույներ, ասորիներ, եզդիներ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին