ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքում հոկտեմբերի 1-ի ադրբեջանական հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած 52-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Ցավալի լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Մահացած տղամարդը Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ Ռոբերտ Եղիազարյանն է։
«Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման համար, սակայն նրա կյանքը ցավոք սրտի` փրկել չհաջողվեց։ Այս ամենը մեկ անգամ եւս փաստում է՝ Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա»,- գրել է Սանոսյանը։
Նա շեշտել է՝ Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները, խաղաղ բնակչության թիրախավորումը պետք է խստագույնս դատապարտվեն։
Սահմանը պահող հայրիկն ու նկարի զինվորը. որն է 11–ամյա ստեփանակերտցի աղջկա երազանքը
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 3 քաղաքացիական անձ։
Հոկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածներ էին հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություններին։
Դրա հետևանքով 14-ամյա երեխա էր վիրավորվել, որն այդ պահին ընտանիքի հետ կարտոֆիլի սեզոնային բերքահավաքի էր եղել։
Վարդենիսում Ադրբեջանի ԱԹՍ–ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակն արդեն կայուն է. լուսանկար