ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ համացանցում կրկին կեղծ տեղեկություններ են հայտնվել։
«Համացանցում ակտիվ կերպով ապատեղեկատվություն է տարածվում, որ ավտոբուսներով Վրաստանի տարածքով պատրաստվում են զինյալներ տեղափոխել Ադրբեջան։ Ջավախահայերին կոչ է արվում փակել վրաց-թուրքական բոլոր անցակետերը։ Հայտնում ենք, որ վերոնշյալ տեղեկատվությունն ամբողջովին կեղծ է»,–նշված է հայտարարության մեջ։
Դեսպանությունը հայտնում է նաև, որ վերոհիշյալ կեղծ լուրերը միտում ունեն լարվածություն ստեղծել ջավախահայության շրջանում և հայ-վրացական հարաբերություններում։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը կրկին հորդորում է զերծ մնալ նմանօրինակ կեղծ լուրեր տարածելուց, որոնք հատկապես այս ժամանակահատվածում խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։
«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։