ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում հագուստն այսուհետ մաքսազերծվելու է ըստ միջազգային չափանիշների։ Համապատասխան կարգավորումներն ուժի մեջ են մտել սեպտեմբերի 1-ից: Այս թեմայով քննարկումների կարելի է հանդիպել սոցիալական ցանցերի մասնագիտացված խմբերում` հիմնականում Թուրքիայից և Չինաստանից, ինչպես նաև Եվրոպայի որոշ երկրներից և Ռուսաստանից հագուստ ներկրող գործարարների միջև։
Նորությունն առաջինը Facebook-ի իր էջում հայտնել է «Կասեցում» հանրային շարժման ակտիվիստ Սամսոն Գրիգորյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը՝ հղում անելով իր վստահելի աղբյուրներին։ Գրիգորյանը նշեց, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում։
Չնայած համացանցում բարձրացած ալիքին (հատկապես գործարարների և փորձագետների շրջանում), իրավասու մարմիններից պաշտոնական մակարդակով հայտարարություններ կամ պարզաբանումներ դեռ չեն եղել:
Ի՞նչ է փոխվել
Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ փոխվում է մաքսազերծման մեթոդաբանությունը։ Նախկինում ներկրողները տարբեր ապրանքանիշների հագուստ էին ներկրում և վճարում 4 դոլար (1 կգ-ի համար)։ Հիմա նրանք ստիպված են լինելու յուրաքանչյուր ապրանքն առանձին մաքսազերծել։ Ապրանքի գնից կախված` մաքսազերծման գինը կտատանվի․ որոշ դեպքերում կավելանա, իսկ որոշ դեպքերում էլ մաքսային վճարը կարող է նախկինից քիչ լինել։
«Այսինքն՝ ներկրողներն այլև չեն կարող էժան ապրանքանիշի և թանկ ապրանքանիշի շապիկները միևնույն գնով մաքսազերծել։ Դա իր առավելություններն ունի․ հիմա էժան ապրանքը թանկից կտարբերվի, պայմանական ասած՝ շապիկը չի արժենա նույնքան, որքան գուլպաները»,-պարզաբանեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ի սկզբանե սխալ էր բոլոր տեսակի և արժեքի հագուստները միևնույն գնով մաքսազերծելը։ Փորձագետը նշեց, որ դրանից առաջին հերթին տուժել է երկրի տնտեսությունը։ Գրիգորյանն ընդգծեց, որ այս փուլում ոչ ոք չի կարող ասել, թե ինչ գումարի մասին է խոսքը. մոտավոր պատկերն իշխանությունները կստանան մեկ տարվա ընթացքում։ Նա չի բացառում, որ նոր մեթոդը շահավետ կլինի բիզնեսի համար, հատկապես, եթե խոսքը վերաբերում է մեծ ծավալով առարկաներին։
Գրիգորյանը ենթադրում է, որ թանկացումը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա միջին և թանկ սեգմենտի ապրանքների գների վրա։ Էժան արտադրանքի վրա դա չի ազդի։
Նվիրվում է շոկոլադասերներին կամ ինչպես է հայտնվել շոկոլադի առաջին հայկական ապրանքանիշը
Փորձագետը նշեց, որ փոփոխություններն ավելացնում են նաև թղթաբանական քաշքշուկը։ Ներկրողը, մասնավորապես, պարտավոր կլինի ներկայացնել ինվոյս, բանկային փոխանցումը հաստատող փաստաթուղթ, առուծախի պայմանագիր, ներկրման մասին դեկլարացիա։ Թուրքիայի հետ անհնար է այս ամենն ապահովել։
«Հնարավոր չէ ներկրման դեկլարացիա, բանկային փոխանցման փաստաթուղթ ստանալ։ Դե յուրե Հայաստանը Թուրքիայից ոչինչ չի ներկրում»,-ասաց Գրիգորյանը։
Ելքը հարևան Վրաստանի միջոցով փաստաթղթեր ձևակերպելն է։ Գրիգորյանը նշեց նաև, որ դրա շնորհիվ դաշտը կմաքրվի անորակ արտադրանքից։
Ի՞նչ են մտածում ներկրողները
Ներկրողների կարծիքները կիսվեցին, սակայն շատերը համակարծիք են այն հարցում, որ կեղծ ապրանքների և կեղծված ապրանքանիշների վերջը եկել է։
«Օգուտների ու վնասների մասին դեռ վաղ է խոսել։ Օրինակ՝ ես սպասում եմ իմ ապրանքին, որը դեռ օգոստոսին եմ պատվիրել։ Այն ճանապարհին է, այսինքն՝ մաքսազերծելու եմ հին գնով»,-ասաց գործարար Վարդան Բաբայանը։
Նա խորհուրդ տվեց սպասել առաջին մատակարարումներին։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի հասկանալ, թե ինչպես է դա ազդում բիզնեսի, ոլորտի և ներկրողի վրա։
Մեկ այլ գործարար, որը ցանկացավ անանուն մնալ, ընդգծեց, որ կթանկանան Թուրքիայից ներկրվող ապրանքները։ Նա նշեց նաև, որ առայժմ պետք չէ շտապել։
Հայկական կոնյակը պետք է պաշտպանել կեղծիքից, պետք է պաշտպանենք մեր ապրանքանիշը. Փաշինյան
Մինչդեռ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նոր կարգավորումները դրական ազդեցություն կունենան ոլորտի վրա։ Առաջին հերթին կավելանա ապրանքների անվտանգությունը, քանի որ կնվազի կեղծման հավանականությունը։ Բացասական կողմ կարող է դառնալ գների որոշակի աճը։ Սակայն այստեղ արդեն պետք է իր դերը խաղա Էկոնոմիկայի նախարարությունը՝ լուծելով նոր շուկաների բացման, այդ շուկաներ դուրս գալու հարցերը և կարգավորելով այլ հանգամանքներ։
Փորձագետի նախնական գնահատականով՝ ապրանքները կթանկանան 10%-ի սահմաններում։