ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականը Լևոն Արոնյանի գլխավորությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում Շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադայի С խմբում։
Երկրորդ խաղային օրվա ընթացքում հայ շախմատիստները երեք հաղթանակ են տարել, ու բոլորը խոշոր հաշվով։ Չորրորդ փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին 4,5:1,5, իսկ հինգերորդ փուլում ջախջախիչ պարտության մատնել Ալժիրին ու Մարոկկոյին՝ 6:0։
Օգոստոսի 21-ին՝ խմբակային փուլի առաջին օրը, հայ շախմատիստները հաղթել էին Ռումինիային (4:2) ու Թուրքիային (4,5:1,5) ու անսպասելիորեն պարտվել Բուլղարիային (2,5:3,5)։
Վեց շրջանից հետո 12 միավորով առաջատար է Ռուսաստանը։ Երկրորդ տեղում Հայաստանի հավաքականն է (10), երրորդում Ռումինիայի թիմը(8), որոնց հաջորդում են . Անգլիան (8), Բուլղարիան (7), Խորվաթիան (5), Եգիպտոսը (5) Թուրքիան (3), Մարոկկոն (2) ու Ալժիրը (0):
Արոնյանն ու մյուսները ջախջախեցին թուրքերին. Սերժ Սարգսյանը հետևում էր նրանց խաղին
Օգոստոսի 21-ին առաջին առցանց օլիմպիադայի մեդալների համար պայքարի մեջ մտան 40 ուժեղագույն հավաքականներ, որոնք բաժանված են 4 խմբի: Հայաստանի հավաքականը Ռուսաստանի, Ալժիրի, Անգլիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Ռումինիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ հայտնվել է միևնույն խմբում։
Յուրաքանչյուր խմբի հաղթողներն ուղղակիորեն կանցնեն քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչի ևս 4 ուղեգիր կվիճարկեն այն թիմերը, որոնք ընտրական խմբերում կզբաղեցնեն երկրորդ և երրորդ տեղերը: Եզրափակիչը տեղի կունենա «նոկաուտ» սկզբունքով։
Հուլիսի 25-ին մեկնարկած օլիմպիադային մասնակցում է 163 թիմ: Նրանք խաղում են վեց խաղատախտակների վրա։ Յուրաքանչյուր թիմում ներգրավված են երկուական տղամարդ և կին, ինչպես նաև մինչև 20 տարեկան տղաներ և աղջիկներ։