ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հնչեցրել են սուր հարցեր։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր Ավետիսյանի մոտ նման տպավորություն, որ ԱԺ–ում իր թեկնածության քննարկման ժամանակ 80 ձայն չի ստանա։
«Ավետիսյանի հետ հանդիպումն անցել է այն մթնոլորտում, ինչ մյուս ՍԴ դատավորների թեկնածուների։ Հնչել են սուր հարցեր, ինչպես մյուս թեկնածուների հետ քննարկմանը։ Սակայն, հավանաբար, դա էր պատճառը, որ առանձին պատգամավորների հարցերի դեպքում Ավետիսյանի մոտ նման տպավորություն է ստեղծվել»,–ասաց Մակունցը։
Նրա խոսքով` Ավետիսյանն ինքն է դիմումը հետ վերցնելու որոշում կայացրել, և այստեղ «Իմ քայլը» անելիք չունի։ Մակունցը նշեց` խմբակցությունը հարգում է Ավետիսյանի որոշումը, և մասնագիտական գործունեության մեջ հաջողություն մաղթում։
Հարցին, թե տեղյա՞կ են` կառավարությունն ունի նոր թեկնածու, թե ոչ` Մակունցը պատասխանեց, որ դեռ նման ինֆորմացիա չունեն։
Անակնկա՞լ էր Վահրամ Ավետիսյանի քայլը. պատգամավորը չգիտի` ինչն է նրան դրդել նման հետևության
Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։ Իսկ կառավարության կողմից առաջադրվել էր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, որը երեկ հայտարարեց իր դիմումը հետ վերցնելու մասին։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին։
Ավելի վաղ` հունիսի 30-ին, ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։
Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Դրանից հետո երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թեկնածուներ պետք է առաջադրեին կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։