00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ում պատճառով «ջնջեցին» Ֆրունզիկին, կամ ինչ «առակ» է պտտվում Լևոն Տեր–Պետրոսյանի մասին

© Sputnik / Галина Кмит / Անցնել մեդիապահոցВахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян
Вахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լրագրողը նույնիսկ տարիներ անց կարող է պարզել՝ արդյոք հորինված չե՞ն Ֆրունզիկ Մկրտչյանի, Ռաֆայել Վահանյանի ու նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ տեղի ունեցած պատմությունները։ Այդ թեմային է նվիրված մեր սյունակագիր Վարդան Ալոյանի հոդվածը։

Մի ընկեր ունեմ, որը ԽՍՀՄ գրողների միության անդամ է եղել։ Նա սիրում է հարմար առիթով ասել․ «Լրագրողն այն մարդն է, որը գործատուի հաշվին բավարարում է սեփական հետաքրքրասիրությունը»։

Չգիտեմ, չգիտեմ․․․ Գուցեև այդպես է։ Չէ՞ որ այն, ինչ հետաքրքրում է ինձ որպես լրագրողի, հաստատ կարող է հետաքրքրել նաև ընթերցողին։ Я так думаю!

Дживан Гаспарян  - Sputnik Արմենիա
Ինչու Ջիվան Գասպարյանին ոչ ոքի հետ չես շփոթի

Քանի որ մեջբերեցի «Միմինոյից» թևավոր դարձած խոսքը, այդ ֆիլմի հետ կապված մի պատմություն պատմեմ։ Տարիներ շարունակ խոսում էին, որ գրաքննության պատճառով ֆիլմից ջնջվել է հետևյալ դրվագը։

«Ռոսիա» հյուրանոցի վերելակում են Ռուբիկը, Վալիկոն ու երկու ճապոնացի։ Ճապոնացիներն ուշադիր նայում են Մկրտչյանին ու Կիկաբիձեին, և նրանցից մեկն ասում է․ «Այս ռուսներն ինչ նման են իրար»։

Շատերը տարիներ շարունակ փորձում էին կռահել` սա իրական պատմություն է, թե ոչ։ Եվ մի անգամ ինձ հաջողվեց հարցազրույց վերցնել Ֆրունզիկ Մկրտչյանից։ Բնականաբար հետաքրքրվեցի՝ եղե՞լ է նման զվարճալի դրվագ։

- Եղել է,– հոգոցով ասաց Ֆրունզիկը։ Վարպետը ծանր հիվանդ էր, ու ինչպես հետո պարզվեց, դա նրա վերջին հարցազրույցն էր։

- Ու այդ դրվագը գրաքննության պատճառով չի հանվել, - շարունակեց մեծ դերասանը, - ֆիլմն էկրաններ բարձրանալուց առաջ ցուցադրվել էր Մոսկովյան կինոփառատոնում։ Նախորդ օրը երեկոյան կինոնկարը որոշել էր դիտել Պետկինոյի այն ժամանակվա նախագահ Ֆիլիպ Երմաշը։ Ու թեև նա ծիծաղել էր այդ դրվագի վրա, բայց ասել էր․ «Սա արդեն չափազանց է»։ Գիշերը ֆիլմն արագ մոնտաժել էին։ Ի՜նչ դրվագ կորավ։

Երկրորդ պատմություն

Տարիներ առաջ մի զվարճալի պատմություն էի լսել ԽՍՀՄ շախմատի հավաքականի անդամ, ԽՍՀՄ չեմպիոն, աշխարհի չեմպիոն ու թիմային խաղում օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Վահանյանի մասին։ Ասում էին՝ նա իր սպորտային կարիերայի ամենասկզբում Սոչի է մեկնել` հանգստանալու։ Ընկերները որոշել են Վահանյանին Սոչիի այգի ուղարկել, որտեղ գումարով շախմատ, շաշկի ու նարդի էին խաղում։ Իբր մի երկու պարտիա կպարտվես, հետո խաղադրույքդ կբարձրացնես և ուժերդ կցուցադրես։ Այդպես էլ արել են։ Երկու պարտիա պարտվել է, բայց երբ առաջարկել է մի անգամ էլ խաղալ, «սիրողական շախմատիստը» վերցրել է շահած գումարը, հավաքել խաղաքարերն ու ասել․ «Հարգելի գրոսմայստեր, ինձ համար մեծ պատիվ է Վահանյանին երկու անգամ հաղթելը, այսօր հերիք է»։

Пенсионеры - Sputnik Արմենիա
«Վանոյի БТР»-ները, կամ ինչու են հայ կանայք հայհոյում սոցցանցերում

Մի քանի ամիս առաջ 65–ն անց շախմատիստների աշխարհի առաջնություն անցկացվեց։ Այդպիսի առաջնություն էլ կա։ Տղամարդկանց շարքում չեմպիոն դարձավ Ռաֆայել Վահանյանը, կանանց շարքում՝ Նոնա Գապրինդաշվիլին։ Այդ կապակցությամբ վրացի գործընկերներիս հետ Երևան-Թբիլիսի տեսակամուրջ էինք կազմակերպել։ Միջոցառումից հետո ուղիղ հարցրի Վահանյանին՝ նման բան եղե՞լ է։

-Եղել է, - ժպտաց Վահանյանը, - այն ժամանակ նոր էի գրոսմայստերի կոչում ստացել, կարծում էի՝ ինչ ոչ ոք չի ճանաչի։ Հետո պարզվեց, որ այդ իբր թե շախմատի սիրահարը սպորտի վարպետ էր ու պրոֆեսիոնալ խաղացող, որն Օդեսայից էր եկել։ Երբ առաջարկեցի երրորդ պարտիան խաղալ, սրտանց ժպտաց։

- Գրոսմայստեր, այսօր լավ մարզավիճակում չեք, եկեք մյուս անգամ փորձենք։

Երրորդ պատմություն

Իննսունականներին Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իրենից ոչինչ չէր ներկայացնում։ Չեմ ասի` հիմա լուրջ աղմուկ են անում Եվրոպայում, բայց այն ժամանակ անհամեմատ վատ էր։ Պատերազմը նոր էր վերջացել, ֆուտբոլի ժամանակը չէր։ Այն ժամանակվա ֆուտբոլիստներից մեկը պատկերավոր բնութագրել է այդ շրջանը՝ տապակած կարտոֆիլ էինք ուտում ու գնում գերմանացիների դեմ խաղալու։ 98 թվականի ընտրական փուլում մեր հավաքականը Գերմանիայի, Ուկրաինայի, Պորտուգալիայի հետ նույն ենթախմբում էր։ Դրան գումարած` Հյուսիսային Իռլանդիան ու Ալբանիան։ Բնականաբար մենք ոչ մի շանս չունեինք։ Իսկ ուկրաինացիները՝ Շևչենկոյի գլխավորությամբ, լավ մարզավիճակում էին ու առաջին տեղով անցնելու հնարավորություն ունեին։

История Армении на армянском языке в библиотеке имени Эдмонда Шьюца в Будапеште - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ ենք ամենուրեք «հայու գեն» փնտրում, կամ Հիսուս Քրիստոսն էլ էր հա՞յ

Ասում են, որ Կիևում խաղի նախօրեին Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայից ինչ-որ մեկն «անպարկեշտ» առաջարկ է արել հայկական պատվիրակության անդամներից մեկին։ Ընդ որում՝ առաջարկը կրկնակի անպարկեշտ է եղել ինչպես բնույթով, այնպես էլ ծավալով, այդ պատճառով էլ մերժվել է։ Վարկած կա, որ բանակցություններ վարող ուկրաինացին հեռանալիս ճակատագրական սխալ է արել` ասելով․ «Չեք ուզում, մի ուզեք։ Մենք առանց դրա էլ ձեզ կճզմենք»։

Խաղի ընթացքը չեմ նկարագրի, բայց մեր հավաքական ամբողջ ուժով պայքարեց, ու խաղն ավարտվեց 1:1 հաշվով։

Պատասխան խաղն էլ պակաս հետաքրքիր չէր։ Խաղից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը հանկարծ հայտարարեց։

- Եթե մենք վաղը պարտվենք, խնդրում եմ` ինձ չմեղադրեք։

Ու իսկապես պարտվեցինք, Հովհաննիսյանն էլ հրաժարական տվեց։

Ադբեջանցիների մեջ ապրած հային ժամանակը չի փոխել. Աշոտ Գասպարյանի պատմությունը

Ասում են՝ խաղի արդյունքը պետական մակարդակով էր որոշվել։ Ով հետաքրքրվում է ֆուտբոլով, գիտի` ՖԻՖԱ-ն այդ տարիներին լուրջ կասկածներ ուներ, որ նախկին ԽՍՀՄ–ի երկրները երբեմն խաղում էին «դու ինձ, ես քեզ» սկզբունքով։

Երկար ժամանակ փորձում էի պարզել՝ ինչն է ճիշտ, ինչը՝ հորինած, բայց չկարողացա։ Նոր տարուն գնացի ընկերոջս շնորհավորելու, որն այն ժամանակ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, կարծում էի` մի քանի բաժակից հետո կկորցնի զգոնությունը, ու իբր ձեռքի հետ հարցրի․ «Մերոնց ու ուկրաինացիների միջև ի՞նչ է եղել, դու հաստատ կիմանաս։ Գիտես` ոչ ոքի չեմ ասի»։

-Ինչպես կարո՞ղ եմ չհավատալ մանկությանս ընկերոջը, հատկապես՝ լրագրողին։ Իհարկե ոչ ոքի չես պատմի, – ու չարախնդորեն ավելացրեց, - միանգամից կգրես։ Այդպես էլ գրիր քո «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում՝ այդ ամենը հորինված է։

Игорь Саруханов - Sputnik Արմենիա
Ինչպես հայերենը վեճի թեմա դարձավ Սարուխանովի ու Գաբրելյանովի համար

Նոթատետրումս բազում պատմություններ ունեմ, որոնց ճշմարտությունը դեռ փորձում եմ պարզել։ Օրինակ` ասում են, որ 90-ականների սկզբին Հայաստանն ու Վրաստանն ահռելի մեծ գումարներ են պարտք եղել Թուրքմենստանին գազի համար։ Թուրքմենները պահանջել են գումարն ու սպառնացել դադարեցնել մատակարարումները, իսկ գումար չի եղել։ Հետո Թուրքմենբաշիի համբերության բաժակը լցվել է, ու նրանք պետությունների ղեկավարներին հրավիրել են իրենց մոտ՝ խնդիրը տեղում լուծելու։ Գումար տնտեսելու համար Տեր-Պետրոսյանն ու Շևարդնաձեն նույն ինքնաթիռով են Աշխաբադ մեկնել։ Ասում են՝ այն ժամանակ Թուրքմենբաշին ուղիղ հարցրել է՝ երբ եք պարտքը փակելու։

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

Լուրերի համաձայն՝ Սապարմուրատ Նիազովը խիստ նայել է պարտապաններին ու սկսել հայ նախագահից․ «Ի՞նչ կասեք, Լևոն Հակոբովիչ»։

ՀՀ նախագահը, որն արևելագետ էր, մեծացել էր Սիրիայից հայրենադարձվածների ընտանիքում և այդ պատճառով քաջածանոթ էր արևելյան մտածելակերպին, լուռ կանգնել է, գրպանից մի տուփ հանել ու հանդիսավորությամբ ասել. «Ի նշան հատուկ վաստակի ու խոր հարգանքի` Հայաստանի Հանրապետության անունից ուզում եմ շնորհել ձեզ մեր երկրի բարձրագույն շքանշանը»։ Ու ամրացրել է Թուրքմենստանի նախագահի պիջակին։

- Դե ինչ, Հայաստանի հետ հարցերը լուծեցինք, – դադարից հետո բարիացած Թուրքմենբաշին շարունակել է,– հիմա ձեզ եմ լսում, Էդուարդ Ամվրոսիևիչ։

Չգիտեմ` արդյոք ամեն ինչ այդպես է եղել, թե ոչ, չգիտեմ նաև` ինչպես է ստեղծված իրավիճակից դուրս եկել Վրաստանի նախագահը, բայց փաստ է, որ ո՛չ մեր, ո՛չ էլ վրացիների գազը չեն անջատել։

Հենց իմանամ՝ ինչ է եղել իրականում, խոստանում եմ` ոչ ոքի չեմ պատմի։ Միանգամից կնստեմ ու կգրեմ։

Լրահոս
0