ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ (-192), կատարվել է 170 012 թեստավորում (+1848), առողջացել են վարակվածներից 30 850–ը (+478)։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։
Օգոստոսի 4-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 39 298 էր:
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։
Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։
Եթե չլիներ «կորոնան». ինչպես թագավարակը հայերին ստիպեց գներ իջեցնել ու ճանաչել Հայաստանը