ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Դարպաս գյուղում կատարված սպանության հանգամանքները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։
Նշենք, որ երեկ, ժամը 18։30-ից 20։40- ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Լոռու մարզի Դարպաս գյուղում գտնվող արտադրական շինությունում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մետաղյա ձողով հարվածներ է հասցրել նույն արտադրամասում որպես պահակ աշխատող քաղաքացու գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104- րդ հոդվածի (սպանություն)1-ին մասով: Կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»,– նշված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։
Մասնատված ռեփերի կնոջ մասնակցությամբ քննչական փորձ է արվել. տեսանյութ
Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 23։05-ի սահմաններում, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դարպաս գյուղի Գործարանային փողոցի թիվ 1 հասցե, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Աշոտ Հակոբյանն է։ Սպանվածի դին հայտնաբերել է մահացածի կինը` 57-ամյա Անահիտ Եղիազարյանը սպանության վայրում՝ «Բիոնիկ» ՍՊԸ-ին պատկանող բլոկի արտադրամասի տարածքում գտնվող շինության 2-րդ հարկում։
Դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում առկա է վնասվածք։