ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Ճապոնիայի կառավարության` Հայաստանին տրամադրած դրամաշնորհով ՀՀ կառավարությունը մտադիր է ժամանակակից շտապօգնության ավտոմեքենաներ գնել։
Որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։ Գործադիրը հավանության է արժանացրել 2020 թվականի հունիսի 30-ին Երևանում ստորագրված դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը։
400 մլն ճապոնական իենի դրամաշնորհը Հայաստանին է տրամադրվում տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով։
Համաձայնագրի համաձայն` տրամադրվող գումարի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարում ձեռք բերել լիաքարշակ շտապօգնության ավտոմեքենաներ ու «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:
Մարզերին առաջիկայում 21 հատ ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա կտրամադրվի
Ըստ կառավարության` վերը նշված մեքենաների առկայությունը զգալիորեն կնպաստի մարզերում առողջապահության բարելավմանը և բուժօգնության հասանելության բարձրացմանը:
Կառավարության հավանությանն արժանացած համաձայնագիրն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի վավերացմանը։