ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ռուսական կողմը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է կանխել Հարավային Կովկասում Ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը, բայց ոչ բոլոր արտաքին խաղացողներին է ձեռնտու իրավիճակի կայունացումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած մարտերից հետո հակամարտության շուրջ իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Հակամարտությունը փաստորեն արդեն տարածաշրջանի սահմաններից դուրս է եկել` հաշվի առնելով, որ այս օրերին Ռուսաստանի և աշխարհի մի շարք քաղաքներում հայերի ու ադրբեջանցիների միջև զանգվածային բախումներ են տեղի ունենում։
«Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ, այնուամենայնիվ, ընթանում են։ Ընդ որում՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական։ Միանգամայն ակնհայտ է, որ Անդրկովկասում զինված հակամարտության ցանկացած սրացում խիստ անցանկալի է Ռուսաստանի համար, այդ թվում՝ ներքին կայունության տեսանկյունից։ Ռուսաստանի խոշոր քաղաքներում, որտեղ կողք կողքի ապրում են հայկական և ադրբեջանական համայնքները, նրանց միջև բախումներն ավելի ու ավելի հաճախ են ջրի երես դուրս գալիս։ Դա չափազանց վտանգավոր է»,-ասում է Արեշևը։
Սակայն խնդիրը, ըստ փորձագետի, այն է, որ Ռուսաստանն Անդրկովկասում երբևէ բացառիկ խաղացող չի եղել, որն ի վիճակի է կողմերին ինչ-որ փոխընդունելի որոշման հանգեցնել։
Ռուսաստանի ջանքերի ճանապարհին զգալի խոչընդոտներ է հարուցում Թուրքիան, որը հետևողականորեն հանդես է գալիս որպես հարցի ուժային կարգավորման կողմնակից։ Անկարան բացահայտ սատարում է Բաքվին, և դա որոշակի վճռականություն է տալիս նրանց, ովքեր հակամարտությունը տարածում են տարածաշրջանի սահմաններից դուրս և ղարաբաղյան կոնֆլիկտն օգտագործում են որպես Ռուսաստանի ու մի շարք եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելու լծակ։
Բայց խնդիրը միայն Թուրքիան չէ։ Արեշևը համաձայն չէ այն տարածված կարծիքի հետ, թե Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս միջնորդների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև լիակատար կոնսենսուս կա Ղարաբաղի հարցում։ Հնարավոր է, որ ղարաբաղյան քննարկումներում Մոսկվայի և Արևմուտքի հակասություններն այդքան սուր արտահայտված չեն, բայց դրանք կան, համոզված է նա։
«Մենք չենք մոռացել, որ տարբեր ժամանակներում ԱՄՆ-ում տարբեր ծրագրեր էին մշակվում, մասնավորապես այնպիսիք, որոնք ենթադրում են ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի այս կամ այն կառույցների միջամտությունը Կասպիական տարածաշրջանի գործերին։ Կարելի է հիշել «Կասպից փոթորիկ» նախագիծը, որը հեռավոր 90-ականներին մշակում էին ամերիկացի ստրատեգները և որը նախատեսում էր Կասպիական տարածաշրջանում ԱՄՆ-ի մշտական ռազմական ներկայությունը։ Չեմ կարծում, որ հիմա այդ ծրագրերը մոռացության են մատնվել, և այսպես թե այնպես դրանք ազդում են իրավիճակի վրա տարածաշրջանում և դրա շուրջ»,-ասում է ռուս քաղաքագետը։
Ամեն դեպքում նա վստահ է, որ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանը ձգտելու է կանխել հակամարտության ծավալումը, ինչպես նաև գործը հասցնել որևէ, թեկուզ փխրուն ստատուս-քվոյի։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանին վերջին օրերի ընթացում գրանցված լարման հետևանքով տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները հավաքներ են իրականացնում Ադրբեջանի դեսպանատների դիմաց` բողոքելով այդ երկրի ագրեսիվ պահվածքից։ Խաղաղ ակցիանները հաճախ վերաճում են բախումների հայերի և ադրբեջանցիների միջև։ Մասնավորապես բախումներ են եղել Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում, Մոլդովայում։ Այս ամենի ֆոնին ծեծկռտուքների բազմաթիվ դեպքեր են գրանցվել նաև Ռուսաստանում։