ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հատել է 11 մլն-ի սահմանը: Worldometer կայքի՝ հուլիսի 5-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 11 386 867 է։
Համավարակի զոհ է դարձել 533 619 մարդ։
Վարակի տարածման տեմպով առաջատար երկրների ցանկը շարունակում է մնալ անփոփոխ՝ ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան։
ԱՄՆ-ում կորոնավիրուս է հայտնաբերվել 2 935 770 մարդու մոտ։ Մահացել է 132 318 վարակակիր։
Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 1 578 376-ի, մահացել են 64 365-ը։
«Հակավարկանիշային սանդղակի» երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 674 515 մարդու մոտ։ Մահերի թիվը 10 027 է:
Առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Պերուն, Իսպանիան, Չիլին, Մեծ Բրիտանիան, Մեքսիկան, Իտալիան։
Չինաստանը, որտեղ անցած տարի առաջին անգամ գրանցվել էր COVID-19-ի բռնկումը, 22-րդ հորիզոնականում է։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան
Համավարակի բռնկման սկզբից մինչ օրս Չինաստանում հայտնաբերվել են 83 553 վարակակիր, մահացել են 4634–ը։
Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով 50-րդ տեղում է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։